Ուզում են, որ Հայաստանը դառնա սերժորոշմա՞ն, թե՞ րաֆֆիորոշման երկիր.Պարույր Հայրիկյան

«Քաղաքական դաշտը, բարեբախտաբար, և ոչ միայն մեր մասնակցությամբ, բավական մաքրվեց, բայց երբ այսօր խոսում են ընտրությունների ոչ մրցակցային լինելու մասին, ես դրա մասին արտահայտվել եմ. այո´, դժվար է իմ դեմ մրցել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը:

«Եթե լինի առողջ հասարակություն, խոսքը ոչ թե իմ մասին է, այլ ձեր խոնարհ ծառա`ազգային անկախության պայքարի առաջնորդի մասին, ով անդավաճանորեն, մշտապես նվիրված է եղել ազգային կարևորագույն խնդիրներին: Եթե այս տեսանկյունից նայենք` այո´, այս ընտրությունները մրցակցային չեն»,- ասաց Հայրիկյանը:

Ըստ Պարույր Հայրիկյանի` այն իրավիճակը, որը մինչ այսօր գոյություն է ունեցել անառողջ մոտեցումների հետևանքով, այդ վիճակը կարող է այսօր փոխվել խոսքի ազատության պայմաններում:

«Պատահական չէ, որ ես նշեցի` խորհրդարանական ընտրությունները մի բան մեզ տվեցին` մենք տեսանք, որ միջազգային կարծիքի ճնշման ներքո, ընդունենք նաև` Հայաստանի իշխանությունների բարի կամեցողությամբ, Հայաստանում առաջին անգամ ապահովվեց խոսքի ազատությունը»,- նշեց բանախոսը:

Կարդացեք նաև

«Ի դեպ երեկ իմ սիրելի «մրցակիցներից» մեկը մի սխալ թույլ տվեց. չի կարելի ձգտել իրականություն դարձնելու КГБ-ի երազը: КГБ-ի երազն է եղել, որ Հայրիկյանի Հայաստան չլինի, և КГБ-ն դրա համար ինձ նույնիսկ Եթովպիա է քշել, ու հանկարծ այսօր հայտնվում է մի մարդ` իմ բարեկամ, ընկեր, ով ասում է` «Հայաստանը պիտի դարձնենք իմ և մյուսի Հայաստանների պայքար,-շարունակեց Պ.Հայրիկյանը,- Նախ Հայաստանը մեկն է, և Հայաստանի ներսում պայքարողները պայքարում է նրա համար, որ այդ մեկ Հայաստանը լինի իսկապես կայացած ու հզոր: Բայց առանց Հայրիկյանի Հայաստան պատկերացնել կամեցողները, նշանակում է, ուզում են, որ Հայաստանում այն հիմնական ուժը, որը խոսում է ազգի ինքնորոշման իրավունքի մասին, արտամղվի՞, և Հայաստանը դառնա սերժորոշմա՞ն երկիր, թե՞ րաֆֆիորոշման երկիր»:

Հիշեցնենք, որ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսացկության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ «փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետությունում պետք է տեղի ունենա ընտրական հեղափոխություն»՝ ավելացնելով. «Սա լինելու է պայքար երկու Հայաստանների միջև` գործող` դե ֆակտո Հայաստանի և ապագա` դե յուրե Հայաստանի միջև, և ոչ մի բան կանխորոշված չէ: Դա լինելու է Սերժի և Րաֆֆիի Հայաստանների պայքարը»:

Տեսանյութեր

Լրահոս