Ուլնեցի փողոցում ձյան պատճառով բախվել են մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներ. Կան վիրավորներ
Այսօր՝ հունվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուլնեցի փողոցում բախվել են մեկ տասնյակից ավելի տրասնպորտային միջոցներ:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի պատճառը եղել է ճանապարհի ձյունը, քանի որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի համապատասխան ծառայությունները մատը մատի չեն խփել՝ ճանապարհի ձյունը մաքրելու, և աղի ու ավազի լցման աշխատանքներ կատարելու ուղղությամբ:
Վթարի հետևանքով, ըստ տեղեկությունների հիվանդանոց առաջին բուժօգնության են դիմել մի քանի վիրավորներ, որոնց տվյալները պարզելու համար Քանաքեռ-Զեյթունի ոստիկանությունը աշխատանքներ է կատարում:
Նշված հատվածում երթևեկությունը Երևանի ՃՈ աշխատակիցների կողմից ժամանակավորապես դադարեցվել է, կարճ ժամանակում ժամանել են ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Քանաքաեռ-Զեյթուն վարչական շրջանում գրեթե ոչ մի փողոց դեռ ձնից չի մաքրվել, ինչն էլ հանդիսանում է վթարների և խցանումների պատճառ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի վայրում հավաքվածները պատմել են, որ վթարված ավտոմեքենաների մեջ է եղել Ուկրաինայի դեսպանի մեքենան: