Խաչիկյանը չի՞ հետաքրքրվում եղբոր դեմ հարուցված քրեական գործով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանից 168.am-ը փորձեց որոշ տեղեկություններ ստանալ Վ. Խաչիկյանի դեմ հարուցված քրեական գործի մասին: Ժ. Վարոսյանը մեզմիայն փոխանցեց, որ քրգործի նախաքննությունն արդեն ավարտին է մոտենում, սակայն այլ մանրամասներ նա չհաղորդեց` խոստանալով ավելի ուշ պատասխանել մեր հարցերին:

168.am-ը փորձեց Վազգեն Խաչիկյանի մասին որոշ տեղեկություններ ստանալ նաև Վ. Խաչիկյանի եղբորից՝ Ախթալայի ՀՀԿ-ական քաղաքապետ Հայկազ Խաչիկյանից: Հարցին, թե ի՞նչ ընթացքի մեջ է իր եղբոր դեմ հարուցված քրեական գործը, Հ. Խաչիկյանը  պատասխանեց, թե ինքը «չգիտի, տեղյակ չէ»:

Այնուհետև նա մեզ խորհուրդ տվեց խոսել իր եղբոր փաստաբանի հետ: Մեր դիտարկմանը, թե փաստաբանը մեզ հետ զրույցում արդեն իսկ ասել է, որ Վազգեն Խաչիկյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն արդեն ավարտին է մոտենում, Հայկազ Խաչիկյանն ասաց.

«Ե՞րբ… Ես տեղյակ չեմ, ճիշտն ասած: Փաստաբա՞նն է Ձեզ ասել»:

Կարդացեք նաև

Իսկ հարցին, թե, այնուամենայնիվ, Դուք տեղեկատվություն չունե՞ք Ձեր եղբոր մասին, Ձեզ չի՞ հետաքրքրում նրա դեմ հարուցված քրեական գործի ընթացքը, Հայկազ Խաչիկյանը պատասխանեց. «Պատկերացրու, որ չունեմ տեղեկատվություն: Չեմ հետաքրքրվում, բայց էս պահին ոչ մի նորություն չունեմ»:

Իսկ երբ հարցրեցինք, թե ինչո՞ւ չի հետաքրքրվում, ՀՀԿ-ական քաղաքապետը պատասխանեց. «Էդ դեպքում մի երկու օրից կզանգեք փաստաբանին, ինքը  Ձեզ ավելի հստակ կպատասխանի»:

Հիշեցնենք, որ ՀՀԿ ներկայացուցիչ Վազգեն Խաչիկյանը ձերբակալվել է 2012թ. սեպտեմբերի 28-ին, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ առանձնապես խոշոր չափերով, կազմակերպված խմբի կողմից յուրացում և վատնում, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախություն, և 314-րդ հոդվածով՝ պաշտոնեական կեղծիք, նախատեսված արարք կատարելու համար:

Հիշեցնենք նաև, որ խոսքը պետական բյուջեից 240 միլիոն 680 հազար 984 դրամ (ավելի քան 600.000 դոլար) հափշտակելու և յուրացնելու մասին է:

Տեսանյութեր

Լրահոս