Բաժիններ՝

Քրիստինե Պեպելյանի վերջին հարցազրույցը. նա երկար ժամանակ չի խոսելու

Երգչուհի Քրիստինե Պեպելյանի համար 2012 թվականը ծանրաբեռնված տարի էր. «Շատ եմ աշխատել, որոշ աշխատանքներ հանրությունը տեսել է, որոշները՝ ոչ: Այս տարվա ընթացքում հասցրել եմ շատ համերգների մասնակցել թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս: Շրջագայել եմ, որի ընթացքում հանդես եմ եկել թե՛ հայ, թե՛ այլազգի հանդիսատեսի առաջ: 2012թ. աշխատանքային առումով հաջող տարի էր: Հուսամ՝ 2013թ. ևս կլինեն նույնքան ձեռքբերումներ, որքան նախորդ տարվա ընթացքում եմ ունեցել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Քրիստինե Պեպելյանը:

Երգչուհին այս տարվա ընթացքում ներկայացրել է նոր ալբոմ, մենահամերգ, 3 տեսահոլովակ: Ամանորին կներկայացնի ևս մեկ տեսահոլովակ: 168.am-ը Քրիստինե Պեպելյանի հետ զրուցել է Ամանորից մի քանի օր առաջ, որի ընթացքում նա հայտարարեց, որ առաջիկայում ինքը հարցազրույցներ չի տալու:

«Նշեմ, որ սա այս տարվա վերջին և բացառիկ հարցազրույցն էր: Անորոշ ժամանակով հարցազրույցներ այլևս չեմ տալու: Ցանկանում եմ ի մի բերել աշխատանքներս, ձեռքբերումներս, գալիք անելիքներս: Ամանորին բոլորի համար անակնկալ ունեմ: Ներկայացնելու եմ նոր՝ զինվորներին նվիրված երգս, որը կոչվում է «Հայ զինվոր»: Ես իմ աշխատանքային գործունեության ընթացքում մեծ բացթողում եմ համարում այն փաստը, որ զինվորներին չեմ նվիրել ոչ մի երգ»:

Qristine PepelyanՀիշեցնենք, որ երգի պրեմիերան տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ին: «Ուզում եմ հենց այդ օրն ու հենց այդ երգով շնորհավորել բոլոր զինծառայողներին, նրանց ծնողներին: Ուզում եմ ևս մեկ անգամ ցույց տալ, որ զինվորների դերը մեր կյանքում անգին է, ուզում եմ նրանց  մաղթել անփորձանք ծառայություն, առողջ լինեն և, ինչպես որ գնացել էին ծառայության՝ այնպես էլ վերադառնան իրենց ընտանիքներ: Երբ տեսնում եմ, թե ինչպես են ծնողները տանջվում, սպասում, ինչպես են օրացույցի վրա ամեն անցնող օրը ջնջում, սիրտս լցվում է հպարտությամբ և, միևնույն ժամանակ, թախիծով: Ուզում եմ, որ մեր բոլոր զինվորները ծառայեն խաղաղ երկնքի տակ ու, որ ամենակարևորն է՝ առողջ ու անփորձանք վերադառնան տուն»,- ասաց Քրիստինե Պեպելյանը:

Կարդացեք նաև

Խոսելով 2013թ. իր նոր աշխատանքների և ցանկությունների մասին, Քրիստինեն նշեց, որ այսօր իր երազանքներն ու նպատակները փոքր-ինչ փոխվել են: «Այսօր մտածում և ձգտում եմ ավելի շատ հոգեկան ներդաշնակության, հոգևոր հանգստի, ուրախության: Աշխատում եմ այնպես ապրել, որ ոչինչ չխանգարի ինձ, զգալ ինձ հոգեպես հանգիստ: Ինչպես առաջ, հիմա էլ կան շատ քայլեր, որ անում եմ մայրիկիս հաճույք պատճառելու, նրա աչքերը ևս մեկ անգամ ուրախ տեսնելու համար: Չնայած այսօր նրա հետ շփվում ենք առավել ընկերական, հասուն մարդկանց նման, սակայն մայր և զավակ կապը, որքան էլ տարիներն անցնեն, միևնույն է՝ մնում է անքակտելի ու անբեկանելի: Ինչպես առաջ, այսօր էլ ցանկանում եմ տեսնել մայրիկիս երջանիկ՝ բոլոր փափագած երազանքներն իրականացած»,- ասաց Քրիստինե Պեպելյանը:

Մեզ հետ զրույցի ընթացքում Քրիստինեն դեռևս չգիտեր՝ Ամանորն ինչպե՞ս է անցկացնելու: Նույնիսկ տոնածառ զարդարելու ժամանակ չէր ունեցել: «Ճիշտն ասած, դեռ չեմ մտածել, թե տոներին որտե՞ղ եմ հանգիստս անցկացնելու, ի՞նչ եմ անելու: Կախված է նրանից, թե դեկտեմբերի 31-ին օրս ինչպե՞ս կսկսվի: Ոչինչ պլանավորել չեմ ուզում: Միայն գիտեմ, որ Ամանորի գիշերը մի քանի երգ երգելու եմ: Բայց ինչ էլ որ լինի, ինչպես էլ որ անցկացնեմ տոները, ուզում եմ բոլորիս ցանկանալ հաջող, նպատակների իրականացման, խաղաղ, երջանիկ տարի»,- ասաց Քրիստինեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս