Ճապոնիայի կառավարությունը 230 միլիարդ դոլար կտրամադրի տնտեսության զարգացմանը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի կառավարությունը մտադիր է մոտ ժամանակներս ընդունել ազգային տնտեսության խթանման հատուկ միջոցների փաթեթ, որը գնահատվում է մոտ 20 տրիլիոն իեն (մոտ 230 միլիարդ դոլար):
Տվյալ փաթեթն ուղղված է ազգային առևտրի, կորպորատիվ ներդրումների զարգացմանը, ինչպես նաև դեֆլյացիայի և երկրի տնտեսության վրա իենի բարձր փոխարժեքի ազդեցության հետևանքների դեմ պայքարին: Կառավարությունը նաև պլանավորում է ընթացիկ ֆինանսական տարում, որն ավարտվելու է մարտի 31-ին, բյուջե ընդունել հավելյալ 12 տրիլիոն իեն (140 միլիարդ դոլար):
2012 թվականի վերջին Ճապոնիայի պետական պարտքը հասել է ռեկորդային նշաձողի՝ 983 տրիլիոն իենի (11.3 տրիլիոն դոլար), ինչը մինչև ընթացիկ ֆինանսական տարեվերջ կարող է գերազանցել 1000 տրիլիոն իենի սահմանագիծը: