Անդրե Սիմոնյանը գանգերի հավաքածու ունի (լուսանկարներ)
«The Beautified Project» խմբի վոկալիստ, կիթառահար Անդրե Սիմոնյանն ունի կենդանիների գանգերի մեծ հավաքածու:
«Երբ 17 տարեկան էի, ունեի անասնաբույժ մի ընկեր, ով ուսումնասիրում էր տարբեր կենդանիների ոսկորներ: Սկսեցի ես ևս հետաքրքրվել դրանցով, քանի որ ինձ համար շատ հետաքրքիր էր նրանց տարբեր և յուրահատուկ կառուցվածքը»,-168.am-ի հետ զրույցում պատմում է Անդրեն:
Վերջինս զվարճալի է համարում այն, որ հասարակությունը ոսկորներ հավաքելը համարում է սատանիստական զբաղմունք. «Կենդանիների ստեղծողն Աստվածն է, և նրա ստեղծածը չի կարող սատանայական լինել: Երբ սկսում ես խորանալ այդ հետաքրքիր կառուցվածքների դետալների մեջ, սկսում ես գանգերին վերաբերվել որպես արվեստ»:
Երգիչն ունի ջրաքիսի, եղջերուի, այծի և այլ կենդանիների գանգեր, որոնք գտնվում են երեք տարբեր երկրներում: Ընդհանուր առմամբ գանգերի թիվը հասնում է 22-ի. «Ինձ շատ են հարցնում՝ «Իսկ մարդու գանգ ունե՞ս»: Ես էլ պատասխանում եմ՝ այո, և ցույց եմ տալիս իմ գլուխը (ժպտում է-Գ. Ա.): Հավաքածուիս մեջ մարդու գանգ չունեմ, բոլորը կենդանիների գանգեր են: Նշեմ նաև, որ իմ հավաքած կենդանիների գանգերից որևէ մեկը հավաքածուիս համար չի սպանվել»:
Անդրեն խոստանում է, որ եթե օրերից մի օր գանգերը լինեն Երևանում, մի փոքրիկ ցուցահանդես կկազմակերպի: