«Կտեսնենք, թե ո՞վ ի՞նչ փորացավով է առաջադրվել»

«Ճիշտն ասած` կարծում եմ` բոլորը չէ, որ նույն շարժառիթներով են առաջադրել իրենց թեկնածությունը. ոմանք, ինչպես միշտ, իշխանության կողմից են դրված են լինում, ոմանք ուղղակի առաջադրվում են, այսպես ասեմ, իրենց գինն ընդգծելու համար, որպեսզի որոշ մարդիկ իրենց հետ ինչ-որ գործարքների մեջ մտնեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարծիք ունի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների նման մեծ քանակի մասին:

«Այնպես որ, ես դեռևս վաղ եմ համարում գնահատական տալ, որովհետև նրանցից շատերին դեռևս չեմ ճանաչում, բայց, կարծում եմ, որոշ ժամանակ անց կտեսնենք, թե ո՞վ ի՞նչ փորացավով է առաջադրվել»,-շարունակեց նա:

Ստեփան Սաֆարյանը նախորդ ամսին` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` ընտրություններում չառաջադրվելու հայտարարություններից հետո կարծիք հայտնեց, որ ստեղծված իրավիճակում գործող նախագահ Սերժ Սարգսյանի գլխավոր մրցակիցն է դառնում «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Մենք հետաքրքրվեցինք`բացի նախագահ Սերժ Սարգսյանից, Ս.Սաֆարյանն ո՞ւմ է տեսնում որպես մրցակից Րաֆֆհի Հովհաննիսյանին, եթե նաև հաշվի առնենք, որ թեկնածուների թվում կան նաև հայտի անուններ` օրինակ Պարույր Հայրիկյան և Հրանտ Բագրատյան:

«Իմ գնահատականի հիմքում բացարձակապես ընկած չէ այն, որ նրանք հանրությանն անհայտն են»,- ի պատասխան ասաց «Ժառանգության» վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը` ավելացնելով. «Պարզապես, վերջին հաշվով, թեկնածուների կենսագրությունը և գործունեությունը քննարկվում է հանրության շրջանում, և այս ֆոնի վրա է տրվել իմ գնահատականը, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ունի համեմատական մրցակցային առավելություններ նրանց նկատմամբ` իր կենսագրության գնահատման, հասարակության կողմից իր անձի նկատմամբ վերաբերմուքնի առումով: Բոլոր հարցումներն են ցույց տվել, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այն քաղաքական գործիչն է, ում հանդեպ բացասական վերաբերմունքն ամենանվազն է` ի տարբերություն թվարկված և նաև առաջադրված ու չառաջադրված այլ գործիչների»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ երեկ` հունվարի 4-ին, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ավարտվեց նախագահի թեկնածուների գրանցումը, և ինչպես հայտնի դարձավ, գրանցված 15 նախագահի թեկնածուներից միայն 7-ն են վճարել 8 մլն դրամ  ընտրական գրավը: Այդ թեկնածուներն են ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը,  էպոսագետ Վարդան Սեդրակյանը,  քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար նախարար Արման Մելիքյանը, և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս