Ի՞նչ ցուցակ, ի՞նչ ազդեցիկներ. Foreign Policy-ն վարկանիշի հետ կապ չունի
Foreign Policy պարբերականի խմբագրակազմը աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշային ցանկ չի հրապարակել։ Այս մասին իր պաշտոնական բլոգում հայտարարել է պարբերականի խմբագրի օգնական Ջոշուա Քիթինգը։
Հիշեցնենք, որ երեկ միջազգային բոլոր ԶԼՄ-ները գրել էին այդ ցանկի մասին՝ նշելով, որ Foreign Policy ամսագրի՝ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զբաղեցել է երկրորդ հորիզոնականը, իսկ առաջին հորիզոնականը դատարկ է. այնտեղ տեավորվել է «ոչ ոք»։
Քիթինգը նշել է, որ Foreign Policy-ի խմբագրությունն այդ ցանկի հետ կապ չունի։ Այն կազմվել է քաղաքագետ և Eurasia Group ընկերության նախագահ Յան Բրեմմերի կողմից և ներկայացնում է վերջինիս անձնական կարծիքը։ Ընթերցողներին թյուրիմացության մեջ է գցել այն հանգամանքը, որ ցանկը տեղադրվել է Foreign Policy-ի կայքում՝ Բրեմմերի բլոգում։ Մինչդեռ պարբերականի տպագիր վերջին համարում այդպիսի ցանկ չկա։