
Դեպարդյեին Ռուսաստանի քաղաքացիություն շնորհեցին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ՌԴ քաղաքացիություն է շնորհել ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեին։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերին Դեպարդյեն տեղափոխվեց Բելգիա՝ 75% շքեղության հարկի պատճառով, որը ցանկանում է ներդնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։
Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էյրոն այդ արարքը «խղճուկ» էր անվանել, ինչը դերասանն ընդունել էր որպես վիրավորանք և սպառնացել հրաժարվել ֆրանսիական քաղաքացիությունից։
Դեկտեմբերի 18-ին Le Monde թերթը հրապարակել էր Դեպարդյեի խոսքերը՝ «Պուտինն ինձ արդեն անձնագիր է ուղարկել»։ ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը մեկնաբանել էր, որ այդ հայտարարությունը կատակ է։ Սակայն դեկտեմբերի 20-ի իր ասուլիսում Պուտինն ասաց, որ եթե Ժերարը ցանկանում ՌԴ քաղաքացիություն կամ կացության իրավունք ստանալ, ապա կարելի է ասել, որ այդ հարցն արդեն դրական լուծում է ստացել։