2013թ. Հայաստանում առաջին անգամ կանցկացվի անօդաչու թռչող սարքերի մրցույթ
2013 թվականին առաջին անգամ Հայաստանում կանցկացվի անօդաչու թռչող սարքերի մրցույթ: Մրցույթը կկազմակերպվի Հայաստանի ռոբոտների բաց առաջնության («Արմռոբոտիքս») շրջանակներում: Մրցույթին, որը տեղի կունենա մայիսի վերջին, մասնակցելու ցանկություն է հայտնել դեռևս 15 թիմ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մենեջեր Մարիամ Նահապետյանը՝ նշելով, որ կմասնակցեն թիմեր ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից՝ Իրանից և Իսպանիայից:
Մ. Նահապետյանն անչափ կարևորում է այն փաստը, որ Հայաստանում ռոբոտատեխնիկայի բնագավառում առաջին անգամ տեղի կունենա նման բարդ մրցույթ:
Տեղեկացնենք, մրցույթի ժամանակ սարքերը պետք է թռչեն համապատասխան տարածքով` հետևելով տարածքի վրա տեղադրված նշաններին, կարդան դրանք, հասկանան կոորդինատը և այդպիսով անցնեն իրենց ճանապարհը: «Վերջին կոորդինատին սարքը պետք է 100-200 գրամ բեռ նետի, այդ ամենը պետք է նկարահանի և այդ տեղեկատվությունն օնլայն ցուցադրի համակարգիչների վրա»,- ասաց «Արմռոբոտիքսի» մենեջերը՝ նշելով, որ մրցույթի մասնակից անօդաչու թռչող սարքերն Արզնիի օդանավակայանում նոյեմբերին արդեն իսկ փորձնական թռիչքի են մասնակցել, որի ժամանակ ի մի են բերվել կատարված աշխատանքներն ու հետագա անելիքները:
«Բոլոր անօդաչու թռչող սարքերն արդեն թռնում են, ներկայումս մասնակից թիմերն աշխատում են դրանց պատկերների տարբերակման, նավիգացիայի և ծրագրային որոշ գործողությունների վրա»,- ասաց Մ. Նահապետյանը:
Ընդհանուր առմամբ, 2013թ. Հայաստանում կանցկացվի ռոբոտներին նվիրված 3 մրցույթ՝ Անօդաչու թռչող սարքերի, Իրեր տարբերակող ռոբոտների, ինչպես նաև՝ Ական փնտրող ռոբոտների: Նշենք, որ Հայաստանի ռոբոտների բաց առաջնության կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը:
Մ. Նահապետյանը տեղեկացրեց նաև, որ 2012թ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում ստեղծվել է Ռոբոտիքս լաբորատորիա, որը նպատակ ունի խթանել մեր երկրում ռոբոտաշինության զարգացումը: Այդտեղ մինչև ժամը 17:00-ն` դպրոցականների, իսկ ավելի ուշ ժամերին՝ մրցութային թիմերի մասնակիցների համար հատուկ ռոբոտաշինությանը նվիրված դասընթացներ են անցկացվում: