2013թ. սպասվող աստղագիտական իրադարձությունները
2013 թվականին սպասվում են մի շարք հետաքրքիր աստղագիտական իրադարձություններ, այդ թվում՝ ինչպես երկնային երևույթներ, այնպես էլ միջազգային և հայկական աստղագիտության մեջ նախատեսվող միջոցառումներ:
Նոր տարում սպասվող ամենակարևոր աստղագիտական իրադարձությունների մասին 168.am-ին պատմեց Հայկականաստղագիտականընկերությանհամանախագահ, Բյուրականիաստղադիտարանիառաջատարգիտաշխատողևգիտականխմբիղեկավար, Հայկականվիրտուալաստղադիտարանիղեկավար Արեգ Միքայելյանը: Նրա խոսքով՝ ամենակարևոր իրադարձությունը, թերևս, կլինի Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) հոկտեմբերի 7-11-ը կայանալիք «Ակտիվ գալակտիկաների բազմալիքային շրջահայություններ և ուսումնասիրություններ» թեմայով թիվ 304 գիտաժողովը` նվիրված հայ մեծ աստղագետ Բենիամին Մարգարյանի 100-ամյակին: Սպասվում է շուրջ 200 մասնակից: Բացի այդ, Հնդկաստանում, Նիդեռլանդներում, Չինաստանում, Կանադայում, Ֆրանսիայում, Լեհաստանում և ԱՄՆ-ում տեղի կունենա ևս ութ ՄԱՄ գիտաժողով աստղաֆիզիկայի ամենատարբեր թեմաներով:
Հուլիսին Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում տեղի կունենա Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ) տարեկան համագումարը: Հունվարին ԵԱԸ Շվեյցարիայում կանցկացնի խորհրդակցություն ազգային աստղագիտական ընկերությունների նախագահների մասնակցությամբ:
2013-ին սպասվում է Եվրոպական տիեզերական գործակալության «Գայա» տիեզերական աստղադիտարանի արձակումը, որը նկարահանելու և մանրակրկիտ չափելու է Մեր Գալակտիկայի զգալի մասը և կարող է հեղաշրջում մտցնել աստղագիտության մեջ:
ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում կանցկացվի ամառային դպրոց ԵՊՀ ուսանողների համար և հանրապետական աստղագիտական օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Աշնանը միջազգային աստղագիտական օլիմպիադան կանցկացվի Լիտվայում, որին կմասնակցեն նաև հայ պատանիները:
Բացի Բենիամին Մարգարյանի 100-ամյակից, 2013թ. կնշվեն նաև այլ հայ աստղագետների տարեդարձները, մասնավորապես՝ աստղաֆիզիկոսներ Թադևոս Աղեկյանի և Գուրգեն Սահակյանի 100-ամյա հոբելյանները, Լյուդվիգ Միրզոյանի` 90, Պարիս Հերունու` 80, Վահե Պետրոսյանի և Դավիթ Սեդրակյանի` 75-ամյա տարեդարձները:
Երկնային երևույթներից հետաքրքիր են Արեգակի և Լուսնի խավարումները (2013թ. համապատասխանաբար` 2 և 3, Արեգակի խավարումներ կլինեն մայիսի 10-ին և նոյեմբերի 3-ին), ասուպային հոսքերը (որոնցից հատկապես ուժեղ են Լիրիդներն ապրիլին, Էտա Աքվարիդները` մայիսին, Պերսեիդներն` օգոստոսին, Օրիոնիդները` հոկտեմբերին, Լեոնիդները` նոյեմբերին. և Գեմինիդները` դեկտեմբերին), Սատուրնի, Ուրանի և Նեպտունի դիմակայությունները (երբ համապատասխան մոլորակի դիտման լավագույն պահն է), մոլորակների միացումները (երբ երկու մոլորակ երկնքում կդիտվեն իրար շատ մոտ, 2013-ին` 7 անգամ) և Վեներայի, Յուպիտերի և Սատուրնի ծածկումները Լուսնի կողմից:
Եվ վերջապես, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, ըստ Ա. Միքայելյանի՝ սպասվում է գերպայծառ գիսավոր Իսոնի մոտեցումն Արեգակին: Ըստ որոշ կանխատեսումների, այն իր պայծառությամբ կարող է գերազանցել նույնիսկ Լուսնին: