«Համոզված եմ, որ բարոյականությունն ու քաղաքականությունը կարող են համատեղելի լինել»

168.am-ի այն հարցին, թե արդյոք համատեղելի՞ են այսօր քաղաքականությունն ու բարոյականությունը, գեղանկարիչ Հենրի Գարուկյանը պատասխանեց. «Այո, իհարկե, ես համոզված եմ, որ քաղաքականությունն ու բարոյականությունը կարող են համատեղելի լինել: Ես միշտ արվեստի հետ զուգահեռներ եմ տանում: Կարո՞ղ է արվեստը բացարձակապես առանց փող լինել: Հնարավոր չէ, թեկուզ միայն այն բանի համար, որ դա մարդու աշխատանքն է, և նա դրանով պետք է ապրի: Բայց երբ ցանկանում ես արվեստը բիզնեսի վերածել, անպայման հակասություն է առաջանում: Նույնպես էլ քաղաքականությունում է»:

Գեղանկարչի կարծիքով` եթե քաղաքական գործիչները խաբում են հանուն մեծ գաղափարի, հանուն երկրի, ապա նրանք շախմատային լավ քայլ են այդպիսով անում:

Արդյոք մեր իրականության մեջ կա՞ն այնպիսի քաղաքական գործիչներ, ովքեր համատեղում են բարոյականությունը քաղաքականության հետ: Հենրի Գարուկյանն այս կապակցությամբ նշեց.

«Այո, կան, բայց հնարավոր է նրանց չնկատել: Ընդհանրապես նրանց հիմա դժվար էլ է տեսնել: Անցնում է մի որոշ ժամանակահատված, և մտածում ես, որ այս քաղաքական գործիչն այն ժամանակ այս կամ այն քայլերն արեց, և ես չհավատացի, բայց իրականում ինքը ճիշտ էր արել: Ինքն ավելի ճիշտ էր զգացել, բայց այն ժամանակ ինձ նրա քայլը սխալ էր թվացել: Նաև հնարավոր է՝ հակառակը լինի. երբ ինչ-որ մեկը թվացյալ ճիշտ բան է անում, բայց որոշ ժամանակ անց հասկանում ես, որ նա սխալ էր»:

Կարդացեք նաև

Իսկ քաղաքականության մեջ արվեստի տարրեր կա՞ն: Հենրի Գարուկյանի համոզմամբ՝ ամեն ինչի մեջ արվեստ կա, անգամ լավ փողոց մաքրելու, լավ ճաշատեսակ պատրաստելու մեջ:

Տեսանյութեր

Լրահոս