Զ. Փոստանջյանը խորհուրդ է տալիս տոնական ծախսերը խելամիտ կատարել
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը 168.am-ի հետ զրույցում հայ ժողովրդին ցանկացավ, որ 2013-ը յուրաքանչյուր ընտանիքին բերի նվազագույն արդարության զգացում, ներշնչի հույս և վերադարձնի հավատը:
Ինչ վերաբերում է անցած տարվա ձեռքբերումներին, պատգամավորը նշեց, որ Հայաստանը ձեռքբերումներ չի ունեցել, բայց դրա փոխարեն ունեցել է շատ կորուստներ:
«Մենք ունեցանք բնակչության նվազում, որն անթույլատրելի կորուստ է: Բայց, ցավոք, անկախության տարիներից մենք ավելացնելու փոխարեն պակասեցնում ենք բնակիչների թիվը Հայաստանում»,- մասնավորեցրեց նա:
Զարուհի Փոստանջյանը նշեց նաև, որ Նոր տարին կանցկացնի տանը, ընտանիքի հետ:
Ինչ վերաբերում է ամանորյա ծախսերին, ԱԺ պատգամավորն ասաց, որ անիմաստ է համարում մեծ ծախսեր կատարելը, քանի որ, նրա խոսքով, այնպիսի «երկրում չենք ապրում, որ մեզ շռայլություններ թույլ տանք»: Նա խորհուրդ տվեց տոնական ծախսերը խելամիտ կատարել:
Իսկ Ձմեռ պապիկից պատգամավորը Հայաստանի համար ցանկանում է նվազագույն արդարության զգացողություն, հույսի վերականգնում ու հավատ դեպի պայծառ ապագա: