Գոռ Սուջյանը գոհ է 2012թ. ձեռքբերումներից (լուսանկարներ)
«Դորիանս» ռոք խմբի մենակատար Գոռ Սուջյանն Ամանորը դիմավորելու է տանը, այնուհետև միանալու է ընկերներին:
Գոռի համար 2012 թվականը շատ հետաքրքիր էր. «Իմ կյանքում գլոբալ փոփոխություններ տեղի ունեցան: Առաջին փոփոխությունն այն էր, որ ստեղծվեց «Սա է իմ աշխարհը» երգը, կարևոր էր նաև այն, որ այս տարի ծխելը թարգեցի. արդեն ինը ամիս է, ինչ չեմ ծխում (ժպտում է.- Գ.Ա.)»,– 168.am-ի հետ զրույցում ասաց Գոռը:
Վերջինս 2012 թվականի ձեռքբերումներից համարեց նաև «Դորիանսի» և աշխարհահռչակ անգլիացի բաս կիթառահար, վոկալիստ, «Deep Purple», «Black Sabbath» խմբերի նախկին մասնակից Գլեն Հյուզի և ամերիկահայ երաժիշտ Դերեք Շիրինյանի համատեղ համերգները՝ Հայաստանում և Ղարաբաղում:
2013 թվականին ի՞նչ անակնկալներ կմատուցի «Դորիանսն» իր երկրպագուներին. այս մասին Գոռը նախընտրեց չբացել չակերտները. «Թող անակնկալ լինի»:
Նշենք, որ Գոռի տանը տոնածառը դեկտեմբերի 1-ից է դրված, նա ևս մասնակցել է զարդարման աշխատանքներին և խոստանում է, ո,ր ինչպես մանուկ հասակում, այնպես էլ հիմա գնումներ կատարելու գործում տան անդամներին կօգնի: «Ձմեռ պապիկից միշտ ինչ էլ ուզել եմ՝ չեմ բարձրաձայնել, երբ իրականանում է, նոր բարձրաձայնում եմ: Կարող եմ ասել, որ և՛ նյութական, և՛ ոչ նյութական նվերներ եմ խնդրել»,- ասաց Գոռը: