«Քաշաթաղ» հ/կ նախագահն էլ առաջադրվեց

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունել է ինքնաառաջադրման միջոցով Հանրապետության նախագահի 2013թ.-ի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում թեկնածու առաջադրվելու համար «Քաշաթաղ» հ/կ նախագահ, անկուսակցական Ռոբերտ Սիմոնյանի փաստաթղթերը: Այս մասին Pastinfo.am-ի թղթակցին հայտնել է ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Այսօր նաև ինքնաառաջադրվել էր Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ, անկուսակցական Տարոն Աբրահամյանը:

Այսպիսով` ԿԸՀ-ն դեկտեմբերի 25-ից ի վեր արդեն ստացել է թեկնածուների առաջադրման 12 հայտ:

Նախորդ օրերին առաջադրվել էին ՀՀ գործող Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, անկուսակցականներ, ոչ մի տեղ չաշխատող` էպոսագետ, ծնված Վարդան Սեդրակյանը և Մհեր Հայրապետյանը, «Ռադիո Հայ» ՍՊԸ ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանը, թոշակառու Պավլիկ Սարգսյանը, Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը և հասարակական կարգով «Փախստականների և միջազգային իրավունքի» բարեգործական հասարակական կազմակերպության քաղաքական հարցերով խորհրդատու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Ս.Սարգսյանն առաջադրվել է ՀՀԿ-ի, Հ.Բագրատյանը` «Ազատություն» կուսակցության կողմից, մնացած ութը` ինքնաառաջադրման միջոցով:

Հիշեցնենք, որ Հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը կտևի մինչև հունվարի 4-ը:

Տեսանյութեր

Լրահոս