Ամանորին կերե՛ք ամեն ինչ, բայց չափավոր. մասնագետ
Ամանորին առողջական խնդիրներ առաջացնող ամենատարածված պատճառներից մեկը շատակերությունն է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը:
«Օրգանիզմը սովոր է մարսել որոշակի կերակրատեսակներ: Եթե նոր կերակրատեսակներ են ավելանում սննդակարգում, 1-2 օր, անգամ 1 շաբաթ ստամոքսը կարող է գտնվել հարմարվելու պրոցեսի մեջ, և որոշակի սննդային, մարսողական խանգարումներ տեղի ունենան, իսկ Նոր տարվա սեղանին հայտնվում են այդպիսի ուտելիքներ, որոնք, համենայն դեպս, ամեն օրվա կիրառություն չունեն: Արդյունքում` լինում են սննդային խանգարումներ:
Օրինակ՝ չարազի շատ ուտելը կարող է մարսողական խնդիրներ առաջացնել, հատկապես, եթե այդ ամենն ուղեկցվում է ալկոհոլի օգտագործմամբ: Ալկոհոլը վերջին հաշվով թույն է, ինչպես էլ այն անվանենք: Որոշակի դոզայով թույնն ունենում է որոշակի ազդեցություններ, որոնք օրգանիզմում թունավորմամբ չեն ուղեկցվում, օրգանիզմը կարողանում է դրանք չեզոքացնել, բայց ծանրաբեռնվածություն, ամեն դեպքում, օրգանիզմում լինում է: Եթե դրան գումարվում է նաև շատակերությունը, շատ յուղային սնունդը, կարող են լինել խանգարումներ»,- ասաց նա:
Գաստրոէնտերոլոգը խորհուրդ տվեց ամանորյա սեղանից չափավոր օգտվել: Ըստ մասնագետի՝ եթե անձը մարսողական խնդիրներ չունի, կարող է ուտել պատրաստված բոլոր կերակրատեսակներից, բայց չափավոր:
Հայկ Մանասյանի խոսքով՝ ամանորյա սեղանին հայտնվում են համեմունքներով մթերքներ՝ բաստուրմա, ապխտած միս. «Սրանք ի սկզբանե որոշակի մշակման են ենթարկվում սնունդը պահպանելու համար: Այս պահպանվող սնունդները դարձել են դելիկատես ու հայտնվում են ամանորյա սեղանին, իսկ պահպանվող սնունդն ավելի դժվարամարս է: Այս օրերին մարդիկ մեծ քանակով նման սնունդ են օգտագործում: Սա էլ պետք է հաշվի առնել»: