
«Բոյկոտողները, մեղմ ասած, ընդամենը նվեր են անում Սերժ Սարգսյանին»

«Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում կոչ է արել չբոյկոտել առաջիկա նախագահական նտրություններ:
«Նախագահական ընտրությունների բոլոր բոյկոտոլոգներին, բոյկոտողներին, բոյկոտչիկներին, բոյկոտուհիներին.
Եթե ուզում եք տեսնեք, թե ինչ է լինում, երբ բոյկոտվում են ընտրությունները, ապա մի հատ էլ հայացք նետեք Ավանում տեղի ունեցած «ընտրություններին», որոնց մասնակցել է ընտրողների մոտ 36 տոկոսը: Այդ դեպքում ընդդիմադիր կամ փոփոխություններ պահանջող ընտրազանգվածը հիասթափված ու անհավատ տանից դուրս չի գալիս (կամ դրա 16 տոկոսն է դուրս գալիս, ինչպես Ավանում), իսկ իշխանությունն էլ իր սովյալ ընտրազանգվածին կրում է` ինչքան որ պետք է կամ որքան կարողանում է (Տարոնը քափուքրտինք մտած ընդամենը 20 տոկոսին կարողացավ «կրել»):
Ահա և բոյկոտը, երբ ընտրություններին չմասնակցած 64 տոկոսից (դրա 25-30 տոկոսը իրականում երկրից բացակայողներ են) մնացյալ 34 տոկոսը տանից դուրս չի գալիս: Եթե սա է բոյկոտողների նպատակը, ապա այդպիսի «ընտրություններում» ընտրվում է ԱՆԵՐՁԱԳ` կլինի դա Տարոնինը, թե Պուտինինը: Հետևաբար, բոյկոտողները, մեղմ ասած, ընդամենը նվեր են անում Սերժ Սարգսյանին: Այդպես չէի մտածի, եթե բոյկոտող կամ թեկնածու չառաջադրող քաղաքական ուժերն ու առաջնորդները ընտրողներին փետրվարի 18-ին հրավիրեին Ազատության հրապարակ, այլ ոչ թե մղեին դեպի խոհանոցների չուլանները: