Ավետ Բարսեղյանը 2013 թվականին ակնկալում է անձնական երջանկություն
Հաղորդավար, շոումեն, երգերի խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը դեռ չի որոշել, թե որտե՞ղ է նշելու Ամանորը: «Հնարավոր է՝ ընտանիքիս հետ լինեմ, հնարավոր է՝ ընկերներս հետ, դեռ չեմ որոշել: Շատ եմ սպասում Նոր տարուն, և այդ մանկական սպասումներն ու ուրախությունը դեռ իմ մեջ չեն դադարել: 2013թ. հույս ունեմ, որ իմ կյանքում անձնական հաջողությունների տարի է լինելու: Ինձ համար բոլոր գործնական հաջողությունները ստից բաներ են, կարևորն անձնականն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ավետ Բարսեղյանը:
Նրա խոսքով՝ ինքն անձնական կյանքում դեռ երջանիկ չէ, չնայած, երբ հետ է նայում, հասկանում է, թե որքան ուրախանալու առիթներ է ունեցել: «Երբ հետ եմ նայում, համոզվում եմ, որ հաջողությունն ու լավ մարդիկ միշտ էլ ինձ հետ են եղել, որովհետև սիրել եմ ու ունեմ սիրելու ունակություն: Ես երեխաներ շատ եմ սիրում ու գիտեմ, որ շատ կսիրեմ իմ ապագա երեխաներին ևս: Այս տարի Ամանորին չեմ աշխատելու: Երկար տարիներ աշխատել եմ, բայց քանի որ քույրիկիս երեխաներն արդեն կան, ինձ համար ավելի հաճելի է լինել ընտանիքի գրկում»,- ասաց Ավետ Բարսեղյանը: Ամփոփելով տարին, նա ողջ հայությանը մաղթեց հեքիաթներով լի տարի:
«Իսկ լրագրության ոլորտին կասեմ ուղղակի, որ բացի դեղին գույներից՝ շատ ավելի գեղեցիկ ու ուրիշ գույներ կան: Թող մեր լրագրությունը լինի սուր, դիպուկ ու ինտելիգենտ»,- եզրափակեց իր խոսքը Ավետ Բարսեղյանը, ով մշտապես լրագրողների քննադատությանն է արժանանում: