Վահան Արծրունի. «Բարոյականությունը քաղաքականության շարունակությունն է»
Համատեղելի՞ են արդյոք քաղաքականությունն ու բարոյականությունը: Երգիչ-երգահան Վահան Արծրունու կարծիքով` քաղաքականությունը կոչված է ոչ միայն բարոյականության հաստատմանը, այլև նրա պաշտպանությանը. «Իմ կարծիքով` բարոյականությունը քաղաքականության շարունակությունն է, ավելի ճիշտ` քաղաքականությունը լայն իմաստով բարոյականության համար է աշխատում, որովհետև անբարոյական պետություն պատկերացնելը փոքր-ինչ դժվար է»:
Իսկ Հայաստանում դրանք համատեղվո՞ւմ են. այս հարցին երգահանը պատասխանեց. «Իմ համոզմամբ` նման խնդիրներ կարող են առաջ քաշել միայն բարոյական ու ազնիվ մարդիկ: Ինձ չի զարմացնում, որ այսօրվա մեր քաղաքական մթնոլորտը չի ենթադրում նման խնդիրների արծարծում»:
168.am-ի հարցին, թե արդյոք սպասելի՞ էին քաղաքական նման զարգացումները, մասնավորապես՝ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) այն հայտարարությունը, որ իրենք նախագահական ընտրություններում թեկնածու չեն առաջադրելու և չեն սատարելու նույնիսկ Հրանտ Բագրատյանին, Վահան Արծրունին պատասխանեց. «Ինձ թվում է` իրենք հստակ ունեն իրենց հաշվարկները, այս իրադրությունը մոնիտորինգ են անում, և դրա հավասարակշռված հետևությունն էլ, ըստ էության, այս որոշումն է: Կարծում եմ` շատ իրատեսական որոշում են կայացրել»:
Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարությանը` երգահանն ասաց. «Անկեղծ ասած` ես ԲՀԿ-ն քաղաքական կուսակցություն չեմ համարում, քանի որ հիմքում գաղափարախոսություն չկա: Ինձ համար փոքր-ինչ անհասկանալի կառույց է: Որոշակի ներուժ, լծակներ ունեն, բայց այդ լծակները չենք կարող քաղաքական անվանել: Դրանք տնտեսական են, ֆինանսական, որոշ հարցերում էլ` ախպերական»: