Նազելի Վարդանյան. «Վաճառվում են տեղական սոճիներ»
«Հայաստանի անտառներ» հ/կ-ի նախագահ Նազելի Վարդանյանը տեսել է, որ որոշ վայրերում տեղական սոճիներ են վաճառում: 168.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ ինքն անձամբ սոճիների վաճառքի մի քանի կետերում հարցրել է, թե որտեղի՞ց են բերված ծառերը. նրան պատասխանել են, որ դրանք տեղական սոճիներ են:
Բացի այդ, ըստ Նազելի Վարդանյանի՝ տեղական սոճիները տարբերվում են իրենց տեսքով:
«Չնայած արգելված է փշատերև ծառերի հատումը, բայց բնապահպանության նախարարությունը թույլտվություններ է տալիս, որոնք չես հասկանում՝ ո՞նց: Բնապահպանության նախարարությունը հատուկ պահպանվող տարածքներ ունի, ինքը ուրիշ անտառներ չունի: Ինչո՞ւ է հատուկ պահպանվող տարածքներից թույլտվություն տալիս: Տեղ-տեղ սոճիներ կան, հարցրել եմ, ասել են՝ մեր ծառերն են: Սա անթույլատրելի է, դա օրենքի խախտում է: 2002-ից որոշում կա, որ Նոր տարվա նախօրեին արգելված են փշատերև ծառերի հատումները: Դա արվել էր նրա համար, որպեսզի վերահսկելի դառնար, ոչ մի ծառ օրինական փաստաթղթով դուրս չգար շուկա: Վերջին երկու տարիներին «Հայանտառը» պահպանում է այդ կանոնները, բայց բնապահպանության նախարարությունն ասում է՝ ես իմ տարածքից թույլ եմ տվել: Բայց դու ի՞նչ իրավունք ունես: Եթե կարգ կա, ուրեմն՝ բոլորի համար է այդ կարգը սահմանված»:
Նազելի Վարդանյանի խոսքով՝ նախորդ տարի էլ բնապահպանության նախարարությունը թուլտվություն էր տվել «Հայաստանի անտառներ» հ/կ-ի սեփական տնկարանից հատումներ անելու:
Նազելի Վարդանյանը բարձր է գնահատում այն, որ համայնքներում տեղադրվող տոնածառները արհեստական են, և դրանց համար նոր ծառեր չեն հատվում: