
Ադիբեկյանի չարագուշակությունը. Սերժ Սարգսյանը կհավաքի 72%

«2013 թվականի նախագահական ընտրությունները կանցնեն մեկ փուլով, քանի որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը կհավաքի ընտրողների ձայների մինչև 72%-ը»,- ներկայացնելով պարբերաբար իրականացվող սոցհարցումների վերջին արդյունքները, այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց ««Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
Ինչպես փոխանցում է Panorama.am-ը, ըստ հարցումների արդյունքների, բանախոսն առանձնացրեց 4 հիմնական թեկնածու` գործող նախագահ Սերժ Սարգսյանին, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, «Ազատության» առաջնորդ Հրանտ Բագրատյանին և ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին:
«Երկրորդ տեղում 21 %-ով կհայտնվի Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա լավ վարկանիշ ունի ու կարող է լավ տոկոսով երկրորդ տեղ զբաղեցնել, բայց նրա հաղթելու հավանականությունը ձգտում է զրոյի»,- նշեց նա:
Անդրադառնալով Հրանտ Բագրատյանի ընտրազանգվածին, սոցիոլոգը նշեց, որ «այստեղ դեռ մութ հարցեր կան»: « Պարզ չէ, թե ի՞նչ է անելու ծայրահեղ ընդդիմությունը` նստելու է տա՞նը, թե՞ գնալու է ընտրատեղամաս ու գնալու դեպքում ո՞ւմ է ընտրելու: Իմ կարծիքով, առավել հավանական է, որ այս զանգվածի մեծ մասի ձայները գնան հենց Բագրատյանին»,- նշեց բանախոսը, հավելելով, որ ծայրահեղ ընդդիմությունը Րաֆֆի Հովհաննիսյանին հաստատ չի ընտրի:
Կենտրոնի տնօրենն անկանխատեսելի որակեց նաև Պարույր Հայրիկյանի ընտրազանգվածը` հիշեցնելով, որ նախկինում ԱԻՄ առաջնորդը բավականին լավ ձայներ էր հավաքում: «Կարծում եմ, չառաջադրվողների ձայներից նրան էլ բաժին կհասնի», – ասաց նա: