«Քաղաքական իրավիճակը Հայաստանում տագնապալի է և շատ անկանխատեսելի»
«Այս պահին քաղաքական իրավիճակն այնքան խառնված է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ իրավունք ունի ասել իր միասնական որոշումը: Ես ինքս ինձ համար ճշգրտելու լիքը բաներ ունեմ»,-168.am-ի հետ զրույցում դերասան, ՀԱԿ-ի համակիր Աշոտ Ադամյանն այսպես մեկնաբանեց ՀԱԿ-ի երեկվա հայտարարությունը:
Աշոտ Ադամյանն ավելացրեց, որ ինքն իր համար դեռ պետք է ճշգրտի, թե քաղաքական իրավիճակն ինչ զարգացումներ է ստանալու: Այն հարցին, թե հիմնավոր էր արդյոք Կոնգրեսի քայլը, Աշոտ Ադամյանը պատասխանեց. «Կոնգրեսը հիմնավորել է և իր որոշումը հայտնել է: Ինձ համար այդ կարծիքն ընդունվում է որպես Կոնգրեսի կարծիք»:
Թե ինչու Կոնգրեսը ձգեց ժամանակը և միայն երեկ հայտնեց այդ որոշման մասին հարցի պատասխանն Աշոտ Ադամյանը դարձյալ բխեցնում է երկրի անբարենպաստ վիճակի և անկանխատեսելի զարգացումների սցենարի ելակետից:
Ի տարբերություն քաղաքական շատ շրջանակների տեսակետի, թե ընտրությունների ելքը կանխորոշված է` Աշոտ Ադամյանը բոլորովին այլ կարծիք ունի ընտրությունների վերաբերյալ: Նրա համոզմամբ, այսօր ոչինչ պարզ չէ, իսկ քաղաքական զարգացումներն էլ անկանխատեսելի են: Միակ բանը, որ պարզ է, այն է, որ երկիրը տագնապալի և քայքայված վիճակում է:
«Ում համար պարզ է, իրանց կարծիքի վրա ես, մեծ հաշվով, թքած ունեմ: Ինձ թվում է, որ բոլորովին էլ հստակ չէ, քանի որ քաղաքական իրավիճակը Հայաստանում տագնապալի է և շատ անկախատեսելի»,-ասաց Աշոտ Ադամյանը` հավելելով, որ երկրում քաղաքական իրավիճակի աղետալի լինելու վառ ապացույցն այն է, որ քաղաքական դաշտի կարևորագույն ուժերը որոշեցին չմասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին:
Անդրադառանալով ՀԱԿ անդամ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի թեկնածությանը` Աշոտ Ադամյանը նշեց, որ վերջինս հավանաբար գիտի իր անելիքները:
«Հրանտ Բագրատյանն իրավունք ունի առաջադրվելու: Դա իր անձնական որոշումն է: Ինքը շատ նորմալ հայտարարել է իր որոշման մասին, իսկ քաղաքականությունն ինչ կթելադրի…Կարծում եմ ` ես էլ, ինչպես և Բագրատյանը, գտնվում ենք այդ ոչ բարենպաստ քաղաքական իրավիճակում: Ես չեմ կարծում, որ պարոն Բագրատյանը քաղաքականության մեջ բութ գլխով է մտնում, մարդը մտածում է հաստատ»,- նշեց նա:
Հարցին, թե ինչու այնուամենայնիվ Կոնգրեսը որոշեց չպաշտպանել քաղաքական դաշինքի մաս կազմող կուսակցության ղեկավարին` Աշոտ Ադամյանը պատասխանեց. «Չգիտեմ, չգիտեմ..Բայց քիչ առաջ ասացի, որ քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ որևէ կանխատեսում անելը շատ անշնորհակալ բան է, և նման հավակնություն կամ ռիսկ կարող է ունենալ միայն քաղաքականությունից տկլոր մարդը»: