«Պլաշչադկա» չեն տանի, բայց խիստ կպատժեն
«Տոներին ոչ սթափ վիճակում գտնվող ոչ մի վարորդ չի մնալու առանց պատժի, նրանք կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Կազմվելու է համապատասխան արձանագրություն և ենթարկվելու են վարչական պատասխանատվության»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ճանապարհային ոստիկանության Ճանապարհային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը՝ հավելելով, որ մեքենաները տուգանային հրապարակ չեն տեղափոխվի, բայց ճանապարհապարեկային ծառայության տեսուչի կողմից կտեղափոխվի համապատասխան վայր, ըստ վարորդի ցանկության:
Ոչ սթափ վիճակում մեքենան վարելու համար տուգանքը կազմում է 100 000-ից 150 000 դրամ՝ կախված սթափության աստիճանից:
Իսկ թե ինչքանո՞վ նպաստեցին ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի պակասեցմանը արագաչափերի ներդրումը մայրաքաղաքի փողոցներում, Նորիկ Սարգսյանը պատասխանեց. «2012թ. նոյեմբերի տվյալներով ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մայրաքաղաքում զոհերի թիվը նվազել է 19-ով, իսկ վիրավորներինը՝ 48-ով, ինչը պայմանավորված է արագաչափ սարքերի և նկարահանող տեսախցիկների ներդրմամբ»:
Նորիկ Սարգսյանը վստահեցրեց, որ ճանապարհային ոստիկանությունը հնարավոր ամեն ինչ անելու է, որպեսզի տոնական օրերին ազգաբնակչությունն ավելորդ խոչընդոտների չհանդիպի:
2012թ. դեկտեմբերի 28-ի դրությամբ հանրապետությունում պետական հաշվառման է վերցվել 2577 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել են 306, իսկ մարմնական վնասվածքներ ստացել՝ 3702 մարդ:
Փաստինֆո