Գործող նախագահի հիմնական հակառակորդ կարող էր լինել ԲՀԿ ղեկավարը
Հիմնական հակառակորդ գործող նախագահին կարող էր լինել ԲՀԿ ղեկավարը, ով, սակայն, հեշտությամբ հրաժարվեց իր ամբիցիաներից ու պարզեցրեց իրավիճակը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է քաղաքական մյուս ուժերին, նա կարծում է, որ նրանց միախմբման դեպքում անգամ արդյունավետությունը շատ ցածր կլիներ: «ՀԱԿ կոչվածը բավականին կորցրել էր իր հեղինակությունը, և բացի ՀՀՇ-ի կայուն կողմնակիցնեից, որոնք 20 տարի է՝ որպես կուռք են ընկալում իրենց առաջնորդին, այլ կողմնակիցներ Կոնգրեսում չկան: Դրա համար էլ ինքնին հասկանալի էր՝ ինչո՞ւ միանգամից դուրս եկան խաղից: Իսկ պարոն Բագրատյանն էլ, ով առաջադրվեց, ասում է, թե իշխանություն չի ուզում: Եղբայր, բա ի՞նչ ես ուզում: Ուզում ես մի անգամ էլ ցույց տաս քեզ, ասես՝ ես Բագրատյա՞նն եմ: Բա՞ հետո: Բոլորն էլ լավ հիշում են, մարդկանց հիշողությունը պահպանվել է»,- մասնավորեցրեց նա:
Իսկ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսանը, Արամ Սարգսյանի խոսքով, չունի բավարար հնարավորություններ ընտրություններում հաջողության հասնելու համար: Ինչ վերաբերում է նախագահի թեկնածու էպոսագետին, նա չցանկացավ ընդհանրապես անդրադառնալ, խնդրելով իր հետ խոսել «ավելիի լուրջ բաներից»: