Ավելի ճիշտ կլինի՝ Շարմազանովը մտածի քրեաօլիգարխիկ համակարգի էպոխայի մասին. Գրիգոր Հարությունյան
«Այս պահին ՀԱԿ-ի որոշումը ճիշտ է՝ պայմանավորված ընդհանուր իրավիճակով, ընտրությունների անցկացմամբ, միասնական թեկնածուի ձևավորման խափանմամբ, ԲՀԿ-ի մի կողմ կանգնելու որոշմամբ և այլն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԺԿ վարչության քարտուղար, ՀԱԿ ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանը՝ անդրադառնալով ՀԱԿ-ի նախագահական ընտրություններին չմասնակցելու և որևէ թեկնածուին չսատարելու մասին որոշմանը:
ՀԱԿ ներկայացուցիչներից շատերը գործող նախագահին մրցակից էին տեսնում միայն Լևոն Տեր-Պետրոսյանին, ով, սակայն, այդպես էլ չառաջադրվեց: Գրիգոր Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է ՀԱԿ-ը նման շռայլություն անում՝ թույլ տալով Սերժ Սարգսյանին հեշտությամբ վերընտրվել, և արդյոք այդպիսով՝ ՀԱԿ-ը չի նպաստո՞ւմ իշխանության վերարտադրմանը: Ի պատասխան, նա ասաց. «Չեմ կարծում, որ սրանով նպաստում ենք իշխանության վերարտադրմանը: Ամեն դեպքում, բնականաբար, իշխանության համար հեշտանում է ինչ-որ բան, բայց այս իրողությունների պայմաններում ՀԱԿ-ի մասնակցությունը որևիցե բան չէր փոխի: Սա բոյկոտի նման մի բան է ու հստակ վերաբերմունք է ընտրությունների նկատմամբ, որը նաև լիգիտիմության խնդիր կառաջացնի»:
Գրիգոր Հարությունյանից հետաքրքրվեցինք նաև, թե համամի՞տ է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն տեսակետին, թե Կոնգրեսի այս որորշմամբ ավարտվեց Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ-ի «էպոխան»: Գրիգոր Հարությունյանը շեշտեց, թե ինքն այս կարծիքը չի կիսում՝ հավելելով, թե «ավելի ճիշտ կլինի Շարմազանովը մտածի քրեաօլիգարխիկ համակարգի էպոխայի մասին»:
ՀԺԿ վարչության քարտուղարը ՀԱԿ-ի կազմաքանդման վտանգ այսօր չի տեսնում ու վստահեցնում է, որ ՀԺԿ-ն, համենայնդեպս, ՀԱԿ-ը լքելու մտադրություն չունի. «Մենք կշարունակենք պայքարել, հետ չենք կանգնի»:
Հարցին, թե Կանգրեսի ներսում, համակիրների շրջանում այս որոշումը հիասթափություն չի՞ առաջացրել, Գրիգոր Հարությունյանը պատասխանեց. «Կլինեն նաև հիասթափվողներ, կլինեն նաև մարդիկ, ովքեր ըմբռնումով կմոտենան, ճիշտ կգնահատեն իրավիճակը: Բայց կարծում եմ, որ հիմնականում ճիշտ կընդունեն որոշումը»: