Հրազդան գետում թունավորված ձկները շատ են եղել
Հրազդան գետում թունավորման պատճառով ձկների սատկելու մանրամասները դեռևս ճշտվում են, անցկացվում են լաբորատոր ստուգումներ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մամուլի քարտուղար Հայկ Հակոբյանը:
«Այս պահին անցկացվում են լաբորատոր ստուգումներ, որոնց ավարտից հետո միայն հայտնի կդառնան դեպքի մանրամասները, իսկ լաբորատոր ստուգումները ժամանակատար են»,- ասաց նա:
Հարցին՝ արդյոք հայտնի՞ է՝ մոտավորապես որքա՞ն ձուկ է թունավորվել Հրազդան գետում, Հայկ Հակոբյանը պատասխանեց, որ նման հաշվարկներ չեն կատարվում. «Բայց մասշտաբների հետ համեմատ՝ բավական շատ են եղել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներն ահազանգ էին ստացել, որ Հրազդան գետում՝ «Գետափ» ռեստորանի հարակից տարածքում, սատկած ձկներ են հայտնաբերվել: Բնապահպանության կենտրոնական լաբորատորիայի աշխատակիցները գետի տարբեր հատվածներից` «Գեղամա» և «Գետափ» ռեստորանների շրջակայքից ջրի նմուշառումներ էին կատարել փորձաքննության ենթարկելու նպատակով: