Ադիբեկյանն անցել է Երևանի քաղաքապետի ընտրությունների՞ն

Երևանի վերջին 20 տարում բարեկարգման գործում առավել նկատելի ներդրում կատարած քաղաքապետը Տարոն Մարգարյանն է, այնուհետև` Երվանդ Զախարյանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:

Վերջինս նշեց, որ Երևանը՝ որպես քաղաք, իր 133 տարվա պատմության ընթացքում ունեցել է 54 քաղաքապետ, որոնցից 12-ը՝ վերջին 22 տարիներին: Հարցման նպատակը, սոցիոլոգի հավաստմամբ, եղել է պարզել երևանցիների վերաբերմունքն իրականացվող բարեկարգման աշխատանքների վերաբերյալ:

Այսպիսով, ըստ հարցման արդյունքների, Երևանի վերջին 20 տարում բարեկարգման գործում առավել նկատելի ներդրում կատարած քաղաքապետն է Տարոն Մարգարյանը` 63, 8 տոկոս, Երվանդ Զախարյանը` 15,1 տոկոս, Կարեն Կարապետյանը` 8,8 տոկոս, Գագիկ Բեգլարյանը՝ 6,0  տոկոս:

Բնակիչների 68,1 տոկոսը, ըստ Ադիբեկյանի, վերջին մեկ-երկու տարում բավարարված է հատկապես փողոցների լուսավորությունից, 61,2 տոկոսը փողոցների վիճակից՝ ասֆալտից, մաքրությունից, 55,7 տոկոսը կանաչապատումից, 38,9 տոկոսը աղբահանումից, 23,2 տոկոսը քաղաքային տրանսպորտի աշխատանքից, 17,4 տոոսը տանիքների, մուտքերի արտաքին վիճակից և միայն 14,7 տոկոսն է գոհ իր վերալակից:

Նշենք, որ հարցումն անցկացվել է  2012-ի դեկտեմբերին Երևանի 1160 բնակիչների շրջանում, համաչափ՝ ըստ համայնքների, սեռատարիքային և կրթական խմբերի:

 

Տեսանյութեր

Լրահոս