
Վարդգես Գասպարին ամփոփեց տարին

«Ա1+»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց այսօր անսովոր հանգիստ էր: Ամեն հինգշաբթի բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիների մեծ մասն այսօր չկար:
Իսկ ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին եկել էր տարին ամփոփելու:
«Ամբողջ տարին այստեղ կանգնած մնացին տուժած մարդիկ և ոչ մի տեղաշարժ չեղավ: Բոլոր քննչական մարմինները, դատարանները, մեկը մյուսին հաջորդելով , պարտակում են հանցագործությունները և այդ ամեն ինչը արվում է հանուն ՀՀ: Ինձ համար ամենացավալի երևույթը դա է»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշել է Վարդգես Գասպարին:
Նա ոչ մի ակնկալիք չունի նաև 2013թ., մասնավորապես՝ նախագահական ընտրություններից: Նրա խոսքով՝ ընտրությունները մեր երկրում ոչինչ չեն փոխի. «Իմ կարծիքով՝ ճիշտը չմասնակցելն է, որովհետև այս խաղի կանոնները իշխանությունն է թելադրում»:
2013թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններից ակնկալիքներ չունի նաև բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողներից Տիգրան Օհանջանյանի հայրը:
«Միևնույն է՝ ով կլինի նախագահը, միևնույն է՝ ես ուղղակի ցանկանում եմ, որ ով էլ լինի ուշադրություն դարձնի բոլորի վրա, ինչքան անլվա մարդ կա ՀՀ նախագահն ընդունում է, իսկ մենք 5 տարի է՝ պայքարում ենք, որ մեզ ընդունի 5 րոպեով` չի ընդունում»,- ասել է Սուրեն Օհանջանյանը: