Ես չեմ կարդացել Տեր-Պետրոսյանի ելույթը, ոչ էլ ես եմ գրել այն. Ռիչարդ Կիրակոսյան
«Ընդանուր առմամբ` սա հենց Տեր-Պետրոսյանին տրվելիք հարց է: Ես չգիտեմ նրա մտածելակերպը, համենայնդեպս` նրա ելույթը բացահայտեց, որ հայ քաղաքականության մեջ այլևս չկա հարց` լինելու ռուսամետ կամ արևմտամետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ մեսիջներ էր իր մեջ պարունակում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը դեկտեմբերի 22-ին ՀՀՇ համագումարում, և արդյոք այն քաղաքական իրավիճակի ախտորոշո՞ւմ էր, թե՞ արձագանք աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից Հայաստանին ներկայացվող պահանջներին:
«Այդուհանդերձ` ինչ պակասում է այժմ, այն է, որ մենք կարիք ունենք լինելու ավելի հայաստանամետ, ոչ թե ամերիկամետ կամ ռուսամետ: Ավելին չեմ կարող ասել, նկատի ունեմ` ես չեմ կարդացել այդ ելույթը, ոչ էլ ես եմ գրել այն»,- շարունակեց փորձագետը:
Հարցին` արդյոք Հայաստանի քաղաքական դաշտում արևմտամետների և ռուսամետների միջև բաժանարար գիծը չի՞ անցնում եվրոպական և եվրասիական կողմնորոշումներով, Ռիչարդ Կիրակոսյանը պատասխանեց.
«Ինչպես այսօր ասացի ասուլիսում, իրականում ընտրություն չկա. Եվրասիական միությունն իրական հնարավորություն չէ: Իսկ Եվրոպական միությունը Հայաստանի հետ ունի համագործակցություն, որն իրական է: Չեմ կարծում, որ որևէ լուրջ մարդ Հայաստանում կարող է «ոչ» ասել Եվրոպային, և չեմ կարծում, որ որևէ լուրջ մարդ Հայաստանում կարող է ասել, թե պատասխանը Եվրասիական միությունն է, քանի որ ոչ ոք չգիտի, թե դա ի՞նչ է»:
Իսկ Արտաշես Գեղամյա՞նը՝ հարցրինք մենք:
«Ինքը լուրջ չէ»,-պատասխանեց Ռիչարդ Կիրակոսյանը: