Սերժ Սարգսյանն ընդունել է Գագիկ Ծառուկյանի հրավերը, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ ոչ

Այս պահին «Օջախ» ռեստորանում տեղի է ունենում Հայաստանի մարզիկների և մարզիչների պարգևատրման ամանորյա հանդիսությունը, որին մասնակցում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ի դեպ, 168.am-ի տեղեկություններով՝ այս միջոցառմանը հրավիրված է եղել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, սակայն, նա այդպես էլ չի գնացել այնտեղ:

«Ա1+»-ի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանի հետ նույն սեղանի շուրջ նստած են Գագիկ Ծառուկյանը, Հովիկ Աբրահամյանը, Իշխան Զաքարյանը և այսօր լավագույնր ճանաչված մարզիկներ՝ ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ինչպես նաև՝ բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովը։

Կայքի թղթակիցը ներկաների մեջ չի տեսել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին։ Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը երեկ հայտարարություն էր տարածել՝ մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հրապարակած հարցման արդյունքների վերաբերյալ, ըստ որի՝ 2012 թվականի լավագույն մարզիկների տասնյակում ոչ մի ֆուտբոլիստ չի ընդգրկվել:

«Այն մարդիկ, ովքեր այսօր ղեկավարում են հայկական սպորտը, իրենց գործողություններով և իրենց մոտեցումներով ուղղակի վարկաբեկում են այն: Սպորտը գավառական խեղկատակությունների ասպարեզ չէ: Սպորտը մի բնագավառ է, որտեղ անթույլատրելի է առաջնորդվել գավառամտությամբ, մարդկանց նսեմացնելով, սեփական պատկերացումները հանրությանը մատուցելով որպես իրողություն: Տարվա լավագույն մարզիկների ցուցակը պետք է արտահայտի այն տրամադրությունները, որոնք Հայաստանի հանրության մոտ առկա են ամբողջ տարվա ընթացքում և ոչ թե այն մարդկանց տրամադրությունները, ովքեր իրենց անհաջողությունները փորձում են քողարկել նմանօրինակ խեղկատակություններով»,- ասել էև Ռուբեն Հայրապետյանը:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս