
Կարպիի ոլորաններում վրացական բեռնատարը կողաշրջվելով ընկել է ձորակը (լուսանկարներ)

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, Վանաձոր-Երևան ավտոճանապարհի Կարպի գյուղի հատվածում, Վրաստանի Հանրապետության քաղաքացի 29-ամյա Զուրաբ Չիչինաձեն վարելով «Դան» մակնիշի բեռմատարը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելով՝ ընկել ձորակը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի հիվանդանոց: Մինչ փրկարարների ժամանումը վարորդին օգնություն են ցուցաբերել գյուղացիները: Դեպքի վայր են ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզի հրշեջ փրկարարական խումբը՝ վարչության պետ Շամիր Շամիրյանի գլխավորոթւթյամբ:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը, նույն գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Նիկողայոս Եղիազարյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ Աշտարակի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է որ բարեբախտաբար բեռնատարը բախվել է ծառին և բետոնե հենասյանը, հակառակ դեպքում մեքենան մխրճվելու էր տան մեջ:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Վթարի հետևանքով կտրվել են այդ տարածքով ինտերնետ կապ ապահովող մալուխներ: Այս պահին մասնագետների օգնությամբ փորձում են վերակագնել վնասված հատվածը: