Գյուղնախարարն ամփոփել է գյուղատնտեսական տարին
«Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում 2012 թվականի ընթացքում գրանցվել են դրական տեղաշարժեր»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը։ Վերջինիս խոսքով, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին գյուղատնտեսական արտադրանքի արժեքը կազմել է 787.9 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 8.3 %-ով: Ոլորտում աճն ապահովվել է ինչպես բուսաբուծության, այնպես էլ անասնապահության արատադրանքի ավելացման հաշվին:
«Հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրությունը կազմել է 455.0 հազ. տոննա, որը գերազանցում է նախորդ տարվա մակարդակը 3.3 %-ով, իսկ կարտոֆիլի արտադրության ծավալը կազմել է 630.0 հազ. տոննա, որն ավել է նախորդ տարվա մակարդակից 13.0 %-ով: Օպերատիվ տվյաներով բանջարեղենի արտադրության ծավալը կազմել է 849 հազ. տոննա, իսկ խաղողինը` 242.0 հազ. տոննա, որը գերազանցում է նախորդ տարվա մակարդակը, համապատասխանաբար` 7.8 և 5.4 %-ով»,- ասաց գյուղնախարարը:
Վերջինիս խոսքով, 2012 թվականի տարեսկզբի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն ավելացել է 27.9 հազ. գլխով, այդ թվում` կովերինը 10.8 հազ. գլխով, մանր եղջերավորներինն ավելացել է 57.7 հազ. գլխով: Նշված ժամանակահատվածում 561 հազ. գլխով ավելացել է նաև թռչունների գլխաքանակը:
2012 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է, ընդհանուր վերցրած, 31.0 հազ. տոննա պտուղ, խաղող, բանջարբոստանային մշակաբույսեր և կարտոֆիլ, որը գերազանցում է 2011 թվականի մակարդակը 87.0 %-ով: «Ընթացիկ տարում վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 59.2 հազ. տոննա պտուղ-բանջարեղեն: Միայն պտղի մթերման ծավալները կազմել է 25.5 հազ. տոննա, որը գերազանցում է նախորդ տարվա մակարդակը 1.8 անգամ: Մթերված գյուղատնտեսական մթերքների արժեքը կազմում է 26.8 մլրդ դրամ, որի դիմաց ս.թ. դեկտեմբերի 25-ի դրությամբ վճարվել է 26.56 մլրդ դրամ, այսինքն վճարումների մակարդակը կազմել է 99.1 %: Մնացած գումարը` 0.9 % կվճարվի մինչև դեկտեմբերի վերջը»,- ասաց ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը: