Zorah Karasi. Հայկական գինին՝ աշխարհի լավագույն գինիների տասնյակում (տեսանյութ)
Հայկական Zorah Karasi Areni Noir գինին Bloomberg Businessweek-ի կողմից ճանաչվել է աշխարհի 10 լավագույն գինիներից մեկը։ Bloomberg-ն այդ գինին առանձնացրել է 4000 հազար գինիներից՝ իր անկրկնելի համի և նրբության շնորհիվ։
Վարկանիշն, իհարկե, պաշտոնական չէ։ Այն կազմվել է Կլին Մակկոյի կողմից, ով այս տարվա ընթացքում 4000-ից ավելի գինու տեսակներ է փորձել և դրանցից առանձնացրել իրեն առավել դուր եկած 10-ը։
Դրանց թվում են, օրինակ, 2009 թվականի Domaine de la Romanee-Conti Romanee-Conti գինին (գինը՝ $14,000 to $18,000), կամ 1963 թվականի Quinta do Noval Nacional-ը (գինը՝ $4,500 to $6,500)։
Արենիում արտադրված Zorah Karasi-ն այդ համեմատության մեջ թանկ չէ՝ ընդամենը 45 դոլար։ Սակայն ահա թե ինչ է գրում այդ գինու մասին հեղինակը. «Իզմիրում (Թուրքիա) ինձ հիացրեց հայկական գինու իմ առաջին համտեսը։ Այդ ոճային կարմիր գինին է՝ պատրաստված Արենիի կարմիր խաղողից և հասունացված ավանդական կավ ամֆորաների մեջ։ Փոքր-ինչ ծխահամությունը, մետաքսե նրբությունը, թթի և այլ մրգերի նուրբ երանգն այս գինին առանձնահատուկ են դարձնում։ Ես նաև վայելում էի գինի ըմպելու պատմության հուզմունքը։ Սա Արենի-1 քարանձավի մոտ նորաստեղծ գինեգործական պրոյեկտի առաջին բերքն է։ Այստեղ են հնագետները հայտնաբերել աշխարհի ամենահին գինեգործարանը, որը 6100 տարվա պատմություն ունի»։
Ընկերության հիմնադիրը Զորիկ Ղարիբյանն է։ Ինչպես նշվում է Զորահ գինու պաշտոնական կայքում, նա հայկական արմատներով իտալացի է։ Սովորել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում, որից հետո ուսումը շարունակել է Միլանի համալսարանում՝ ուսումնասիրելով բիզնեսի նրբությունները։
Երկար տարիներ աշխատել է նորաձևության ոլորտում։ Ու չնայած այդ ոլորտում ունեցած հաջողություններին՝ ամբողջությամբ տրվել է իր իրական կրքին՝ գինուն։ Միշտ փոփոխությունների պատրաստ լինելով՝ նա որոշեց խաղողի այգիներ ստեղծել Հայաստանում։ Թեպետ ինքը՝ կնոջ և երկու երեխաների հետ, ապրում է Միլանում։
Ամեն ինչ սկսվեց մոտավորապես 10 տարի առաջ։ Զորիկը նախապես մտածում էր գինեգործությամբ զբաղվել Տոսկանայում (Իտալիա)։ Սակայն Հայաստան այցելելով՝ փոխեց միտքը և որոշեց դա անել մի վայրում, որտեղ գինեգործությունը հազարամյակների պատմություն ունի։ Արենիում։
Երկարատև աշխատանքից հետո՝ 10 տարի անց, թողարկվեց առաջին գինին։ Այժմ էլ ընկերությունը շարունակում է աշխատանքը՝ ձգտելով ստեղծել գինիներ, որոնք կմրցակցեն աշխարհի լավագույն գինիների հետ։