Էկոտուրիզմը Հայաստանում վերածվում է «խաշի, խորովածի, ռետորանի, իսկ Երևանի հրապարակը՝ դառնում է «բիզնես սիմվոլ»

Հայաստանի ամենամեծ խնդիրները քաղաքաշինության և ընդերքօգտագործման ոլորտում են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց  բնապահպան Կարինե Դանիելյանը: Վերջինս նշեց, որ երիտասարդների բնապահպանական շարժման ձևավորումը 2012-ի ամենամեծ նվաճումներից է:

Ըստ նրա՝ Հայաստանում այսօր կառուցվում են շատ ՓՀԷԿ-եր. «Փոքր ՀԷԿ-երը շատ լավ բան են, բայց գյուղերը ջրից զրկվում են: Մենք դրա արդյունքում ունենք Լաստիվերի, Թռչկանի խնդիր»:  Կարինե Դանիելյանի խոսքով՝ դրական երևույթ է նաև էկոտուրիզմը, սակայն, ըստ նրա, էկոտուրիզմը Հայաստանում վերածվում է «խաշի, խորովածի, ռետորանի»:

«Հայնախագիծ» ինստիտուտի արվեստանոցի վարիչ, ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշեց, որ տարվա ընթացքում կարևոր էր, որ սկսեց ձևավորվել Երևանի փոքր կենտրոնի հայեցակարգը. «Մինչև հայեցակարգն ընդունվի, Երևանի կենտրոնից այլևս ոչնինչ չի մնա»,- նկատեց նա:

Կարինե Դանիելյանը, ինչպես նաև Սաշուր Քալաշյանը դեմ արտահայտվեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքը վաճառելու մասին որոշմանն ու այն հյուրանոց դարձնելու մտահղացմանը.

Կարդացեք նաև

«Հրապարակի կառավարության շենքերը մեր պետականության սիմոլվն են, մեզանում  բիզնեսի սիմվոլմ է առաջնակարգ: Եթե դառնար մշակութային կենտրոն, միգուցե ինձ համար ընդունելի լիներ: Հրապարակը դառնում է բիզնես սիմվոլ: Մոտեցումն այսպիսին է. դա էլ վաճառեցին, մնում է մեզ վաճառեն»,- ասաց Կարինե Դանիելյանը:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշեց, որ ինքն էլ դեմ է այդ նախագծին՝ հավելելով, թե վարչական շենքը հնարավոր չէ առանց կտրուկ փոփոխման դարձնել հյուրանոց:

Սաշուր Քալաշյանը նաև նշեց, որ ԱԳՆ շենքը մինչ վաճառելը եզրակացություն պետք է տար նաև մշակույթի նախարարությունը, ինչը չի արվել:

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս