
Ավանն ու Դավթաշենը՝ 2012 թվականի լավագույն վարչական շրջաններ

Տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփելով 2012 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, ընդգծել է, որ համակարգված աշխատանքի շնորհիվ արդյունքները նկատելի են և գոհացուցիչ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Անցնող տարվա ընթացքում բոլոր այն խնդիրները, որոնք դրված էին մեր առջև կարողացանք բարձր մակարդակով լուծել: Քաղաքացիների կողմից բարձրացված շատ հարցեր ուսումնասիրվեցին և կյանքի կոչվեցին, մյուս մասն էլ կընդգրկվեն մեր հետագա ծրագրերում: Պետք է շարունակենք հետևողական աշխատանքը և դրանով իսկ ապահովենք մայրաքաղաքի համաչափ զարգացումը»,- նշել է քաղաքապետը:
Անդրադառնալով մայրաքաղաքի վարչական շրջանների 2012 թվականի ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքներին` Տարոն Մարգարյանը նշել է, որ տարվա կտրվածքով բարձր ցուցանիշներ են գրանցել և առաջին տեղը զբաղեցրել միանգամից երկու վարչական շրջան` Ավանը և Դավթաշենը: Երկրորդ և երրորդ տեղերում, համապատասխանաբար, Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններն են:
«Համակարգված և սրտացավ աշխատանքի շնորհիվ զգալի փոփոխություններ են նկատվում բոլոր վարչական շրջաններում: Սակայն բավարարվել ձեռքբերածով պետք չէ: Վստահ եմ, որ հաջորդ տարի մեր բոլոր վարչական շրջանները կզբաղեցնեն առաջանցիկ տեղեր»,- շնորհակալություն հայտնելով վարչական շրջանների ղեկավարներին և աշխատակազմերին՝ նշել է Տարոն Մարգարյանը: