«Ռուբեն Հայրապետյանը լավ չի ընդունում, երբ միջադեպ է տեղի ունենում հաճախորդների հետ»

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Նիստի ընթացքում շարունակվում է գործով վկա Հրաչյա Զոհրաբյանի հրացաքննությունը: Վերջինս «Դավիթ ԴՎՍ» ընկերության տնօրենն է, որին էլ պատկանում նաև «Հարսնաքար» ռեստորանային համալիրը:

Տուժողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի հարցին` որքա՞ն է տևել ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցների փորձաշրջանը, վկա Զոհրաբյանը պատասխանեց, որ փորձաշրջանը տևել է մի քանի օր` կախված նրանից՝ ինչպես են նրանք իրենց դրսևորել:

Հրաչյա Զոհրաբյանը նաև ասաց, որ Ռուբեն Հայրապետյանը դեպքի օրը եղել է ռեստորանային համալիրում, բայց ինքը նրան չի տեսել, քանի որ ինքը համալիր ժամանել  է մոտ 19:00-ին, և Ռուբեն Հայրապետյանին այնտեղ չի տեսել, վերջինս ռեստորանային համալիրում ավելի վաղ է եղել:

Վկան ասաց, որ մատուցող Դավիթ Ադամյանն իրեն ժամը 10:00-ի սահմաններում հայտնել է, որ հրավիրված երգիչ Դավիթի միջոցով մի քանի տղաներ սեղան են պատվիրել, մոտենալուց հետո Դավիթ Ադամյանը՝ տեսնելով, որ տղանրի մեկը սպորտային հագուստով է եղել, զգուշացրել է նրան, որ համալիր չի թույլատրվում մուտք գործել այդ հագուստով:

Կարդացեք նաև

Տղաները, ըստ վկայի, լավ չեն ընդունել դա, հայհոյել են, ու ասել, որ սեղանը ոչ մի դեպքում չհավաքեն մինչև իրենց վերադառնալը: Այդ ժամանակ Հրաչյա Զոհրաբյանը կարգադրել է մենեջեր Դավիթ Հայրյանին ուշադիր լինել այդ սեղանի նկատմամբ, անհրաժեշտության դեպքում՝ նաև փոխել մատուցողին: Այնուհետև մոտ 10:30-ի սահմաններում մատուցող Ադամյանը վկային ասել է, որ տղաները նորից համալիր են վերադարձել, իր հետ լավ չեն վարվել, հրավիրել են դուրս, իրեն արմունկով հարվածել են, ինքն էլ տղաներից մեկին է հարվածել:

Հետո, ըստ Հրաչյա Զոհրաբյանի՝ ինքը զանգահարել է Ռուբեն Հայրապետյանին և ասել, որ միջադեպ է տեղի ունեցել հաճախորդների ու աշխատակիցների միջև. «Ինքը բարկացել է, լավ չի ընդունել, ինքը ընդհանրապես լավ չի ընդունում, երբ նույնիսկ փոքր միջադեպ է տեղի ունենում հաճախորդի հետ»,- ասաց նա:

Ինչո՞ւ էիք զանգահարել Ռուբեն Հայրապետյանին և տեղեկացրել դեպքի մասին՝ հարցին վկա Հայրյանը պատասխանեց, թե զանգահարել է իր նախաձեռնությամբ՝ «ինֆորմացնելու նպատակով», և որ հարմար է գտել հենց նրան զանգահարել:

Տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը ևս մեկ անգամ խնդրեց ներկայացնել այն հեռախոսահամարները, որոնցով անհրաժեշտության դեպքում նա կապ է հաստատել գործով ամբաստանյալների հետ: Վկան նախ նշեց, որ ինքը նրանց հետ չի կապվել, նրանց միշտ զանգահարել են մենեջերները: Ըստ Հրաչյա Զոհրաբյանի` ինքն ունեցել է համալիրի անվտանգության աշխատակիցների հեռախոսահամարները, սակայն հեռախոսը փոխելուց հետո՝ դրանք իր մոտ չեն պահպանվել:

«Կրկնությունը գիտության մայրն է»,- արձագանքեց գործով մեղադրյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը` արձանագրելով, որ տուժողի ներկայացուցչի շատ հարցեր կրկնվում են:

Վկա Հրաչյա Զոհրաբյանն ասաց, որ դեպքի օրը համալիրում աշխատել են 2 պահակ՝ Խաչիկ և Կառլեն անունով: Վերջինս, ըստ վկայի, դեպքից մի քանի ամիս անց հեռացվել է աշխատանքից, իսկ անվտանգության աշխատակիցների աշխատանքը  կասեցվել է:

Վկան իր ցուցմունքում նշել էր, որ համալիրի որոշ աշխատակիցներ բողոքել են, որ տուժողները հայհոյել են: Տուժողի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանի հարցին` կարո՞ղ է վկան ներկայացնել անձանց, ովքեր կարող են հաստատել այդ փաստը, վկան պատասխանեց, որ չի կարող ներկայացնել նման մարդկանց: Վկա Զոհրաբյանը դատարանին հայտնեց, որ գործով ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը, երբեմն նաև Դավիթ Ադամյանը՝ զբաղվել են ֆիթնեսով:

Տեսանյութեր

Լրահոս