Գեներալ Մանվելը, որ Նապոլեոն էլ դառնա, բերման կենթարկեմ դատարան

«Ինչ ուզում է լինի, ինչ գնով ուզում է լինի, ես հասնելու եմ նրան, որ Մանվել Գրիգորյանին կանչեն դատարան: Դա ինձ համար հիմա ավելի կարևոր հարց է դարձել, քան այն, որ ինձ անմեղ ճանաչեն, քանի որ բանը հասել է նրան, որ դատախազը Մանվել Գրիգորյանին համեմատում է Նապոլեոնի հետ: Իսկ Մանվելը ընդամենը ինձ համար հրամանատար է եղել, իմ մարտական ընկերը, ում կողքին ես կռվել եմ 4 տարի շարունակ արցախյան ինքնապաշտպանական մարտերի ամենաթեժ կետերում: Ես վստահ եմ, որ եթե Մանվելին բերեն դատարան, ինձ կարդարացնեն: Նա ինձ կճանաչի: Հիմա ինձ՝ Մանվելի ընկերոջը, դարձրել են ազգի դավաճան, իսկ նրան Նապոլեոնի տեղն են դրել, ասում են՝ ո՞նց գա դատարան: Ինձ համար պատվի հարց է՝ Մանվելը պտի գա դատարան, թեկուզ ես նստեմ»,- galatv.am-ին տված հարցազրույցում ասել է ՀՀԿ անդամ, ազատամարտիկ Հովհաննես Բաղդասարյանը, ում նկատմամբ դատական գործընթացը շարունակվում է արդեն երկու տարի:

«Ինձ մեղադրում են փաստաթղթեր կեղծելու, գումարներ շորթելու մեջ, ու արդեն երկու տարի ինձ՝ շքանշաններով «դավաճանիս», սոված ու անդեղ սատկացնում են: Ասում են՝ Մանվելի ստորագրությունը կեղծել եմ, այ մարդ, իրան բերեք, թող ինքն ասի, դուք ի՞նչ գիտեք՝ կեղծել եմ…»:

Նախորդ դատական նիստի ժամանակ ևս մեկ անգամ Հովհաննես Բաղդասարյանի փաստաբան Թամարա Յայլոյանը հանդես է եկել միջնորդությամբ՝ ԵԿՄ վարչության նախագահին որպես վկա դատարան հրավիրելու մասին, բայց դարձյալ դատարանը մերժել է միջնորդությունը: Եվ այնուհետ պետմեղադրողը հրապարակել է մեղադրական ճառը՝ դատարանից պահանջելով 4 տարի ու վեց ամիս անազատության դատապարտել ազատամարտիկին:

«ՊՆ լրատվության բաժինը, ծառայության աշխատակից Շուշանիկ Ստեփանյանը հետաքրքրված էր, ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով նա կապ էր պաշտպանում ինձ հետ՝ իմ պաշտպանյալի մասին տվյալներ իմանալու համար, բայց վերջին միջնորդությունից հետո այդ կապն էլ կտրվեց, որևէ արձագանք չեղավ:

Ինձ ասում են՝ կարո՞ղ է «Մատաղիսի» հրաշքը տեղի ունենա, ես ասում եմ՝ «Մատաղիսի» հրաշքի համար պահանջվեց ինը տարի… Ես դատարանում էլ հայտարարել եմ, որ արդարության ոչ մի ակնկալիք ես ու իմ պաշտպանյալը չունենք, որովհետև դատարանը խախտեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վեցերորդ հոդվածը՝ արդար դատաքննություն իրականացնելու սկզբունքը»,- galatv.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ փաստաբանական պալատի անդամ, Հովհաննես Բաղդասարյանի պաշտպան Թամարա Յայլոյանը:

«Մեղադրող կողմը հնարավորություն ուներ ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ անելու, իսկ մենք այդ հնարավորությունը չունեինք: Ես միջնորդություններ էի անում, դատարանը հերթով դրանք մերժում էր: Ես խնդրեցի վերջին նիստին, որ եթե մահացած անձանց ստորագրություն ենք քննում ու նրանք չկան, կենդանի չեն, գոնե կենդանի մնացած մարդկանց հրավիրեն դատարան, ում ստորագրությունները որ կան: Խոսքը ԵԿՄ վարչության նախագահին է վերաբերում: Միայն նա կարող է ստույգ ասել՝ իր ստորագրություննե՞րն են դրված ազատամարտիկի փաստաթղթերում, թե՞ ոչ: Նրան չհրավիրեցին դատարան, իսկ ում որ հրավիրում էին, նրանք չգիտեմ որքանով էին լիազորված, որ գային ու որոշեին դատարանում ու հայտարարեին. «Չէ, սա Մանվել Գրիգորյանի ստորագրությունը չէ, նա այսպես չէր ստորագրում»: Պետմեղադրողը Մանվել Գրիգորյանին համեմատում է Նապոլեոնի հետ: Ասում է՝ հիմա Նապոլեոնի անունը որ տա, Նապոլեոնի՞ն ես միջնորդելու, որ գա դատարան: Ես կարծում եմ, որ, այո՛, եթե հարկ լինի՝ Նապոլեոնին էլ բերման են ենթարկելու, բայց ոչ, իհարկե, Հայաստանում, այլ Ֆրանսիայում, կամ ժողովրդավարական այլ երկրում: Ֆրանսիայում իրենց երկրի նախագահին էլ կհրավիրեին, իսկ մեզ մոտ Հայաստանի դատարանները ցույց տվել են վաղուց, որ ոչ բոլորն են օրենքին ենթակա ու հավասար օրենքի առաջ, ոչ բոլորին է թույլատրվում հրավիրել դատարան: Որոշ մարդիկ անձեռնմխելի են: Իսկ արդար դատաքննությունը դա էր պահանջում՝ Մանվել Գրիգորյանը պետք է գար դատարան»,- նշել է Թամարա Յայլոյանը:

Փաստաբանն այն կարծիքին է, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երրորդ հոդվածը. «Անմարդկային վերաբերմունք ցուցաբերվեց իմ պաշտպանյալի նկատմամբ, որն անթույլատրելի էր: Նա այս ամբողջ ընթացքում կիսաքաղց վիճակում է եղել և չի հասկացել անգամ՝ ինչ է կատարվում իր հետ: Պետությունը նրան զրկել էր տարրական ապրելու միջոցներից, իսկ դա անմարդկային վերաբերմունք էր: Հիմա դեկտեմբերի 24-ին դատարանը դատավճիռ է հրապարակելու: Եվ, բնականաբար, մենք կբողոքարկենք»:

Տեսանյութեր

Լրահոս