
ԲՀԿ-ական պատգամավորը կաշխատի Սերժ Սարգսյանի օգտի՞ն

Չնայած այն հանգամանքին, որ օրեր առաջ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պաշտոնապես հայտարարեց, որ չի առաջադրվելու նախագահական ընտրություններում, և որ կուսակցությունը չի սատարելու որևէ թեկնածուի, ըստ galatv.am-ի տեղեկությունների՝ ԲՀԿ-ական առանձին ներկայացուցիչներ, այնուամենայնիվ, փետրվարյան նախագահական ընտրություններում աշխատելու են Սերժ Սարգսյանի օգտին:
Նշվում է, որ ԲՀԿ ներկայացուցիչ, թիվ 34 ընտրատարածքից (Գյումրի) ընտրված ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ըստ աղբյուրի տեղեկությունների, Մարտուն Գրիգորյանը հանրապետական պատգամավորների հետ զրույցում ակնարկել է այդ մասին: «Ես ձայներ եմ բերելու Սերժ Սարգսյանի համար»,- ՀՀԿ-ականներին խոստացել է ԲՀԿ-ական պատգամավորը:
Տեղեկատվությունը չի հաջողվել ճշտել Մարտուն Գրիգորյանից, քանի որ ԱԺ պատգամավորը հեռախոսազանգերին չի պատասխանել: