Գնաճը կշարունակի մոտենալ 4%-ին
2012 թ. դեկտեմբերի 11-ին տեղ է ունեցել ՀՀ ԿԲ խորհրդի նիստ, որին մասնակցել են ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Վախթանգ Աբրահամյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը:
Ինչպես տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:
Խորհուրդն արձանագրեց, որ նոյեմբերին դիտված մակրոտնտեսական զարգացումներն հիմնականում ընթացել են Դրամավարկային քաղաքականության չորրորդ եռամսյակի ծրագրի բազային սցենարին համահունչ: Արտաքին հատվածում պահպանվում են զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ անորոշությունները, որի պարագայում կանխատեսվող հորիզոնում ակնկալվում է համաշխարհային պահանջարկի ցածր մակարդակ, իսկ պարենային ապրանքների միջազգային շուկայում կշարունակվի պահպանվել հիմնարար լարվածությունը: Այս պարագայում, ներքին գների վրա արտաքին հատվածի ազդեցությունը կլինի թույլ գնաճային:
Խորհուրդը գնահատեց, որ հոկտեմբեր-նոյեմբեր ժամանակահատվածում պահպանվել են մասնավոր ծախսումների բարձր աճի տեմպերը: Միաժամանակ, այդ ընթացքում դիտվել է ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի փոխանցումների բարձր աճ և հարկաբյուջետային քաղաքականության առավել զսպող ազդեցություն համախառն պահանջարկի վրա: Արդյունքում, ՀՀ տնտեսությունից ակնկալվող ազդեցությունը ներքին գների վրա եղել է թույլ գնաճային:
Հաշվի առնելով 12-ամսյա գնաճի ցուցաբերած փաստացի վարքագիծը և կանխատեսվող հորիզոնում արտաքին ու ՀՀ տնտեսությունների զարգացման հեռանկարում թույլ գնաճային միջավայրի պահպանումը, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում դեկտեմբերին շարունակել ձեռնպահ մնալ դրամավարկային պայմանների փոփոխումից: Այդ պարագայում գնահատվում է, որ կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կշարունակի մոտենալ 4% նպատակային ցուցանիշին և կպահպանվի դրա շրջանակում:
2012 թ. դեկտեմբերի 11-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.0%: Լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար 9.5% և 6.5%: