Վարդան Ղուկասյանը կհեռացվի՞ ՀՀԿ-ից
ԳԱԼԱ-ի աղբյուրների փոխանցմամբ` փետրվարյան նախագահական ընտրություններին ընդառաջ Հանրապետական կուսակցությունն իր դիրքերն է ամրապնդելու Գյումրիում, և ըստ այդմ, կուսակիցների շարքերում նախատեսվում են նոր համալրումներ: Խոսվում է նաև այն մասին, որ այն հանրապետականներն, ովքեր խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց աշխատանքում թերացել են, հեռացվելու են կուսակցության շարքերից: Շոշափվում են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, ինչպես նաև ՀՀԿ անդամ Բորիս Ալեքսանովի անունները:
«Ես նման տեղեկություն չունեմ, մեր շարքերը մաքրելու կարիք չկա, քանի որ մեր մոտ էդ ընդունելությունը բավականին լուրջ հիմքերի վրա է դրված, ընտրություններից ոչ թե մեկ-երկու ամիս առաջ են էդ ամենը կատարում՝ ուժեղացնում կուսակցության շարքերը, այլ մենք անընդհատ կուսակցական շինարարության գործընթացի մեջ ենք, և հիմա մենք այդ խնդիրը չունենք»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է ՀՀԿ-ական Բորիս Ալեքսանովը:
Ըստ նրա՝ ինքը մինչ օրս այնքան նվիրված է աշխատել հանուն Հանրապետական կուսակցության, որ իրեն կուսակցության շարքերից հեռացնելն ուղղակի բացառված է:
Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ ՀՀԿ-ն Գյումրիում պարտվել է, արդյո՞ք դա պատճառ չէ, որ որոշ մարդկանց նկատմամբ կուսակցության ղեկավար կազմը նման որոշում կայացնի՝ հարցին, Բորիս Ալեքսանովը պատասխանել է. «Վերջապես ընտրություններն անկանխատեսելի են, և նման ցուցանիշներ էլ են հնարավոր»:
Այդ դեպքում ի՞նչն է մարդկանց հիմք տալիս նման ենթադրություններ անելու՝ հարցին, Բորիս Ալեքսանովը պատասխանել է. «Հա, բայց հանուն ինչի՞, ի՞նչ ուզեն, կխոսեն, դե էսօր խոսելն առանց փող է: Ես ՀՀԿ համագումարում եմ եղել որպես պատվիրակ և նման բան չեմ լսել»: