Տեր-Պետրոսյանը անակնկալ կմատուցի՞
Հատուկ Քննչական ծառայությունն այսօր քրեական գործ հարուցեց Ազգային Ժողովի պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցը գաղտնալսելու փաստի առիթով։
«Մի բան, որին մենք ձգտում էինք»,- «Ա1+»-ին ասել է Լ.Զուրաբյանը։
Օրեր առաջ լրատվամիջոցներում հայտնված ձայնագրությունը ներկայացնում էր ՀԱԿ և ԲՀԿ պատգամավորների զրույցը, որի ընթացքում նրանք քննարկում էին քաղաքական իրավիճակին առնչվող որոշ մանրամասներ։ Լ.Զուրաբյանը կասկած չունի, թե ով է գաղտնալսման հեղինակը. «Ակնհայտ է, որ սա ընդդիմադիրներին ահաբեկելու, վարկաբեկելու նպատակով իշխանությունների կողմից հատուկ ծառայությոնների միջոցով կազմակերպված սադրանք է»։
Սա ընդդիմադիր գործիչին հիմք է տալիս պնդելու, որ գործը մինչև վերջ չի բացահայտվի. «Այնպիսի բռնապետական և ոչ դեմոկրատական ավտորիտար պետության մեջ, ինչպիսին է, ցավոք սրտի, այսօր Հայաստանը, նման գործ ոչ մի հնարավորություն չունի բացահայտվելու»։
Լ. Զուրաբյանին, սակայն հուսադրում է, որը տեղի ունեցած հասարակությունը դատապարտում է:
«Ով ուզում է՝ լինի։ Քաղաքացիները իրավունք ունեն մասնավոր զրույցներն անել առանց մտահոգվելու կամ վախենալու, որ պետական անվտանգության մարմիները նրանց կարող են ձայնագրել»,- նշել է նա։
Իսկ հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն լուրերը, թե վաղը ՀՀՇ կուսակցության համագումարը որպես նախագահի թեկնածու կառաջադրի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, Լ. Զուրաբյանը պատասխանել է.
«Դրանք ընդամենը ենթադրություններ են։ Կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանն ինքը կորոշի, թե ինչ ելույթով է հանդես գալու այդ համագումարում»: