Բաժիններ՝

Ինչպես անել, որ հայերը հանգստանան ոչ թե Հայաստանում, այլ Վրաստանում

Հայաստանի պետական կառույցների գործողություններին հետևելով՝ կարելի է գնալով համոզվել, որ շատ հաճախ «աջ ձեռքը չի իմանում, թե ինչ է անում ձախը»։

Օրինակը բերենք հենց զբոսաշրջության ոլորտում։ Մամուլում և տարբեր հանդիպումների ժամանակ մշտապես քննարկման առարկա է դառնում այն հարցը, թե ինչո՞ւ են հայ զբոսաշրջիկները նախընտրում հանգստանալ ոչ թե հայրենի Սևանում կամ Ծաղկաձորում, այլ գերադասում են մեկնել Աջարիա։

Իհարկե, ոչ մի վատ բան չկա նրանում, որ հայերը մեկնում են  հանգստանալու Վրաստանում։ Խնդիրն այն է, որ նրանցից շատերը գերադասում են Վրաստանը հիմնականում այն պատճառով, որ սեփական երկրում հանգստանալն ավելի թանկ է։ Այսինքն՝ դեպի Վրաստան հայ զբոսաշրջիկների մեծ հոսքը խոսում է այն մասին, որ Հայաստանի զբոսաշրջության ոլորտը մրցակցության մեջ զիջում է Վրաստանին։

Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանոնակարգող պաշտոնյաներն, իհարկե, բացահայտ չեն խոստովանում, որ դա խնդիր է։ Սակայն փորձում են ուղղակի կամ անուղղակի եղանակներով  ՀՀ քաղաքացիներին Հայաստանում «պահել» ։ Դրա համար տարբեր հայեցակարգեր ու ծրագրեր են մշակում՝ զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով։

Կարդացեք նաև

Օրինակ, հենց այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստորագրվել է Հայաստանում զբոսաշրջային այցելությունների վիճակագրական հետազոտության իրականացման վերաբերյալ Մտադրությունների հուշագիր՝ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի, ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի (USAID EDMC) և GIZ–ի «Հարավային Կովկասում տնտեսության խթանում» ծրագրի կողմից: 150 հազար դոլար ընդհանուր արժեք ունեցող այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի սահմանային զբոսաշրջային այցելությունների վիճակագրական լայնածավալ հետազոտություն իրականացնել:

Իսկ 4 օր առաջ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի, դեկտեմբերի 17-ին Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Բաթում, որտեղ հանդիպում էր ունեցել Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նորընտիր նախագահ Ավթանդիլ Բերիձեի հետ: Պատվիրակությանն ուղեկցել է Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը:

Ուշագրավը, սակայն, հաղորդագրության հետևյալ հատվածն էր. «ՀՀ գլխավոր հյուպատոսի  հետ Ավթանդիլ Բերիձեն քննարկեց Աջարիայում զբոսաշրջության նոր տեսակների զարգացման հետ կապված հարցերը, որոնք էլ ավելի մեծ խթան կտան Հայաստանից Աջարիա զբոսաշրջիկների ավելի մեծ քանակի ժամանմանը: Կողմերը մտքեր փոխանակեցին գյուղատնտեսության, մշակույթի և տնտեսության ոլորտներում փոխշահավետ կապերի զարգացման շուրջ»:

Փաստորեն, մինչ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը զբաղված է զբոսաշրջությունը երկրի ներսում զարգացնելով և զբոսաշրջիկների ներհոսքն ավելացնելով, ԱԳՆ ներկայացուցիչը զբաղված է Աջարիայի զբոսաշրջությանը և Հայաստանից ավելի մեծ արտահոսքին նպաստելուն։ Այսքանից հետո էլ ասում են, թե հայերի մեջ չուզողները շատ են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս