Արագոծտնում վթարի ենթարկված մեքենաների թիվը 30 է (լուսանկարներ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ իրար են բախվել 10 ավտոմեքենա, սակայն ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայրից այլ տվյալներ է հաղորդել։
Ըստ shamshyan.com-ի, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արայի գյուղից դեպի Ափնագյուղ տանող ճանապարհահատվածում բախվել են 30-ից ավելի ավտոմեքենաներ:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է: Միայն վթարի վայր եկած ճանապարհային ոստիկանության Ապարանի բաժնի և Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչների ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզի հրշեջ փրկարարների ժամանումից հետո բարեհաճել են Ճանշինի աշխատակիցները ու սկսել են աղ եւ ավազ լցնել ճանապարհին:
Վթարի հետևանքով կան վիրավորներ: Ոստիկանությունը այս պահին պարզել է երկու վիրավորի տվյալ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս վիրավորների ինքնությունը ճշտելու համար:
ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Նիկողայոս Եղիազարյանի և Ապարանի ոստիկանության աշխատակիցները՝ Ապարանի ոստիկանապետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ փորձում են մոտ 2 կիլոմետրանոց խցանումը բացել, ինչը մեծ դժվարությամբ է կատարվում: Որոշ ավտոմեքենաների ապահովագրական ընկերեությունների ներկայցուցիչներ կարճ ժամանակում ժամանել են, իսկ որոշներն էլ, ըստ վթարի վայրում հավաքվածների, 2 ժամից ավելի է՝ չկան: Դա ստիպեց ոստիկաններին և փրկարարներին վթարված ավտոմեքենաները դուրս բերել ճանապարհից: Քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնի պետ Մարատ Դուրյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախվել են «Porsche Cayenne», «Audi», «Grand cherokee», «Nissan», «Opel Vektra», «Գազ 2410», «Վազ 2121» և այլ մակնիշի ավտոմեքենաներ:
Հավաքվածները զայրացած ասում էին, որ մայաների օրացույցով այսօր՝ դեկտմբերի 21-ին, աշխարհի վերջն է, փառք Աստծո, դա չեղավ, բայց այ այսպիսի բարձիթողի վիճակը՝ վերջն է:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի