««ՊռեԳոմեշն» արժանի է «Եվրատեսիլ» մեկնելու». Ավետ Բարսեղյան
Սիրուշոյի նոր երգի՝«ՊռեԳոմեշի» «Պռե»-ն գոմեշին ասվող կոչական է: 168.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց երգի անվանումը խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը:
«Երգի հիմքում Կոմիտասի Լոռվա գութաներգն է: Սիրուշոն մանրամասն բացահայտել ու բացատրել է, թե ինչի մասին է խոսքը: Ես չեմ կարող հասկանալ այն մարդկանց, ովքեր ապշահար են և չեն հասկանում, թե ինչպես կարելի է Կոմիտասին մշակել և սարքել դիսկո երգ: Դա ես չեմ հասկանում և կարծում եմ, որ մենք կրկին գործ ունենք անադեկվատության հետ: Մարդիկ պարզապես չեն հասկանում: 168.am կարդացողների համար վստահ եմ, որ խնդիր չի լինի հասկանալ այն բառերը, որոնք հիմա օգտագործում եմ»,- ասաց Ավետ Բարսեղյանը: Վերջինս նշեց, որ երգը պատմում է հայ մշակի, հայի կերպարի մասին: Ավետ Բարսեղյանն ասում է, որ երկար են աշխատել ստեղծագործության վրա, բայց վստահ է, որ շատ լավ աշխատանք է ստացվել:
«Այն, ինչ ստանդարտից տարբերվում է, բնական է՝ քննադատության է արժանանում: Ամեն դեպքում հաճելի է, որ քննարկվում է: Կարծում եմ, չի քննարկվում այն աշխատանքը, որն անհետաքրքիր է, անհամ: Ահագին տանջվել եմ: Շատ մշակել ենք, միասին բավական երկար աշխատել ենք: Մշակել ենք ամեն տառն ու ֆրազան: Կարող եմ վստահաբար ասել, որ «ՊռեԳոմեշն» այս վերջին շրջանի իմ ամենասիրած երգն է դարձել: Օրը մի քանի անգամ լսում եմ: Թե՛ տեսահոլովակը, թե՛ երգը շատ լավն են, ու ես մենակ կարող եմ «բրավո» բացականչել Սիրուշոյին՝ արված աշխատանքի համար»,- ասաց Ավետ Բարսեղյանը:
Մեր հարցին՝ արդյոք երգն արժանի՞ է Հայաստանը ևս մեկ անգամ «Եվրատեսիլ» մրցույթում ներկայացնելու համար, Ավետ Բարսեղյանը վստահաբար պատասխանեց՝ այո՛:
«Այն «Եվրատեսիլին» արժանի երգ է: Չգիտեմ՝ Սիրուշոն այն կներկայացնի՞, թե՞ոչ, բայց արժանի աշխատանք է: Իր հետ մեր վերջին զրույցի ընթացքում «Եվրատեսիլից» չենք խոսել, չգիտեմ՝ մտադրություն ունի՞ ներկայացնելու, թե՞ չէ, բայց վստահ եմ, որ եթե Սիրուշոն ևս մեկ անգամ մեկնի մեր երկիրը «Եվրատեսիլում» ներկայացնելու, ամեն բան շատ լավ կլինի»,- ասաց Ավետ Բարսեղյանը: