Ինչպես են հայ սպառողները պատրաստվում խոշոր գնումներ կատարել՝ առանց փողի
Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող Սպառողների վստահության ինդեքսը շատ հետաքրքիր և անկեղծ զեկույց է։ Այն առանց թաքցնելու տեղեկացնում է, որ Հայաստանի սպառողները ոչ ներկայից են գոհ, ոչ էլ՝ ապագայից լուրջ սպասումներ ունեն։
Այսպես, սպառողների վստահության ինդեքսը 4-րդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ չի փոխվել, իսկ նախորդ եռամսյակի համեմատ նվազել է 4.6%-ով։
Ընդ որում, ընթացիկ պայմանների գնահատման բաղադրիչով երկու դեպքում էլ նվազում կա (թե նախորդ տարվա, թե նախորդ եռամսյակի համեմատ), իսկ ապագա պայմանների առումով՝ տարվա կտրվածքով լավատեսությունը մի փոքր ավելացել է, նախորդ եռամսյակի համեմատ՝ նվազել։
Սակայն ինդեքսի առանձին ցուցանիշների ուսումնասիրությունը շատ ավելի հետաքրքիր եզրակացությունների է հանգեցնում։
Օրինակ՝ ավելացել է այն մարդկանց թիվը, որոնց եկամուտներն ավելացել են։ Սակայն միևնույն ժամանակ խոշոր գնումներ կատարած մարդկանց թիվը նվազել է։ Այսինքն՝ մարդիկ ավելի շատ են վաստակել, սակայն ավելի մեծ դժվարությամբ են ծայրը ծայրին հասցրել, և խոշոր գնումների համար ոչ գումար է մնացել, ոչ էլ տրամադրություն։
Ապագա պայմանների կամ սպասումների ենթաինդեքսն ավելի զարմանալի է։ Ըստ դրա, եկամուտների և ընտանիքի զբաղվածության սպասելիքները նվազել են։ Սակայն միևնույն ժամանակ ավելացել է այն մարդկանց թիվը, ովքեր մտադրություն են հայտնել գալիք եռամսյակում խոշոր գնումներ կատարել։ Սա էլ կարող է նշանակել, որ սպառողները մտադիր են մտնել սպառողական վարկերի տակ։
Իհարկե,վերը նշված մեկնաբանությունները սուբյեկտիվ են։ Դրա համար էլ ներկայացնում ենք ամբողջական ցուցանիշները՝ յուրաքանչյուր ընթերցողի հնարավորություն տալով սեփական բացատրությունը գտնել։