Բաժիններ՝

Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին

Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ Իշխան Կարապետյանը բաց նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Նամակում ասված է.

«Սույնով հայտնում եմ Ձեզ այն մասին, որ 2011 թվականի սեպտեմբերի 17-ին ցանեցի 3 հա ցորեն, սակայն «Մուսալեռ» ՋՕԸ գործադիր տնօրեն Գալուստ Խաչիկյանը ջուր չտվեց ջրեի` ասելով` «Ինձ հարցրե՞լ ես, որ ցանել ես», ես պատասխանեցի. «Դու ջրի հետ գործ ունես, հողը քեզ ի՞նչ, որ քեզ հարցնեի»։ Ինձ հետ հակառակվեց և ջուր չտվեց, որ ցորենը ջրեի։ Ես խնդրել էի հողատերերին, որ ինձ թույլ տային իրենց հողերի վրա ցորեն ցանեի, մարդիկ համաձայնվեցին, ես էլ ցանեցի։

Գալուստ Խաչիկյանը ջուր չտվեց, ասելով` ում ուզում ես բողոքի։ Ես դիմեցի վարչապետ Տիգրան Սարգսյանին, պատասխանը եկել էր մարզպետին։ Ինձ ոչ մի բան չասացին, թե ինչ է պատասխանել։ Անցավ մի քանի օր, ես հուսահատված դիմեցի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին, շնորհակալ եմ, ցուցադրեցին, բայց դրանից էլ ոչինչ չստացվեց։

Եկան Ջրային կոմիտեից, ընկերությունից, գյուղապետը փոխանակ կանչեր իմ գանգատը լսեր, կանչում էին ուրիշ մարդկանց և հարցնում, թե ի՞նչ, ես էլ չգիտեմ։ Անցավ մի քանի օր, ինձ կանչեցին Էջմիածնի միլիցիա, սկսվեց հարցաքննությունը։ Ես պատմեցի այն, ինչ որ եղել էր, միայն ավելացնելով, որ ես 2007, 2008 և 2009 թվականներին աշխատել եմ ջրօգտագործողների ընկերությունում, որպես առու հանող, սակայն ոչ մի անգամ աշխատավարձի ցուցակում չեմ ստորագրել, ընկերությունը իմ հետ պայմանագիր չի կնքել։

Քննիչ Գ. Ավանեսյանը բերեց միայն 2009 թվականի աշխատավարձերի ցուցակը, այն էլ` կեղծ ստորագրությամբ։ Ես հարցրեցի, թե ո՞ւր է 2007, 2008 թվականների աշխատավարձերի ցուցակը, քննիչն իմ հարցին պատասխանեց, որ չեն տալիս։ 2009 թվականից` որպես աշխատավարձ, տվել էին 50.000 դրամի ոռոգման ջրի չեկ, իսկ ցուցակում, որը բերել էր քննիչ Գ. Ավանեսյանը, իմ անվան դիմաց նշված էր` 116.428 դրամ։

Քննիչ Գ. Ավանեսյանը վերցրեց ստորագրության նմուշներ և ինձ ասաց, որ դու ճիշտ էիր, սա քո ստորագրությունը չի։ Անցավ մի քանի օր, քննիչ Ավանեսյանը ինձ կանչեց, այնտեղ ներկա էր նաև ՋՕԸ-ի գանձապահ Ս. Հարությունյանը, որն առանց ամաչելու, երեսիս նայելով` ստեց, որ ես եմ ստորագրել աշխատավարձի ցուցակը։ Ես պահանջեցի նորից ստորագրությունը ուղարկել փորձաքննության։ Քննիչը ասաց, որ անպայման կուղարկեն։ Երկրորդ անգամ իմ ստորագրությունը նկարեցին և բերեցին, ինձ ցույց տվեց քննիչը ու ասաց, որ ճիշտ էր ասում, որ դու էիր ստորագրել ցուցակում։ Պարոն գլխավոր դատախազ, այսօր էլ ես հայտարարում եմ, որ ես չեմ ստորագրել աշխատավարձի ցուցակները։

Գալուստ Խաչիկյանի տղան` Խորեն Խաչիկյանը, ցուցակում ցույց է տվել, որ ես եմ ջրել, ես ջրել եմ առվույտ և այգի։ Ըստ երևույթին, առվույտը և այգին ջրելը ավելի թանկ է, քան ավելը, դրա համար էլ գրել է` այգի, որ ջրի վարձը շատ կազմի։ Չգիտեմ` ում դիմեմ և ինչպես վարվեմ, ոչ քեռի ունեմ, ոչ հորեղբայր, որ ասեն` մեր տղան ա, քաղցր աչքով նայեք, ես հաց էի ցանել 3 հա, որ կարողանայի իմ ընտանիքը կերակրեի, գողություն չէի արել, այլևայլ բաներ չէի արել, միայն իմ քրտինքով հաց ցանեցի, այն էլ թույլ չտվեցին ջրել, միայն իշխանը դարձավ անջուր իշխան։

Չտվեցին նույնիսկ իմ ծախսերը, որ ես ծախսել էի։ Պարոն Ա. Հովսեփյան, դու եղիր իմ քեռին կամ հորեղբայրը։ Ես մոռացա նշեի, որ Գ. Ավանեսյանը 2011 թվականի նոյեմբերից մինչև 2012 թվականի օգոստոս ինձ անընդհատ տանում-բերում ու անընդհատ հուսադրում էր, որ ամեն ինչ լավ է վերջանալու։ Արդյունքում սուտ դուրս եկավ, 9 ամիս ինձ տանել-բերելուց հետո` ինձ ասաց, այն էլ` բանավոր, որ գործերդ անցել են վաղեմության շրջանը, և մենք չենք կարող դատարան ուղարկել։
Դիմող` Իշխան Կարապետյան
093-71-39-30»:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս