Ինչպես է «Սթարը» «ֆռռացնում» իր փողը

Օրերս քաղաքացիները խմբագրություն էին դիմել` ահազանգելով, որ «Սթար» սուպերմարկետների ցանցն իր բոլոր աշխատակիցներին` վաճառողներից մինչև բանվորներ, մի քանի ամսվա աշխատավարձը վճարելու է 50 տոկոսով, իսկ մյուս 50 տոկոսի փոխարեն` տրամադրվելու են «Սթար» քարտեր:

Եվ, որ այդ քարտերով աշխատակիցները կարող են գնումներ կատարել միայն «Սթար» առևտրային ցանցից: Նաև նշել էին, որ յուրաքանչյուր քարտով 5000 դրամից պակաս գնումներ չպետք է կատարվեն, կարող են գնել բացառապես սնունդ: Այսինքն «Սթարն» իր աշխատակիցների հետ վարվում է` «չես ուզում` մի՛ աշխատիր սկզբունքով»: «Սթարի» աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում ասել էր, որ նման տեղեկություններ չուներ և ինքն իր աշխատավարձն ամբողջությամբ ստացել է գումարի տեսքով:

Աշխատակիցներից մեկն էլ հակառակը` փոխանցել էր, որ ինքը տեղյակ է` դրանք վաուչերներ են, «Սթար» քարտ տրամադրվում է աշխատավարձի 20 տոկոսի դիմաց: Ըստ այդ` հասկանալի պատճառներով անանուն մնալ ցանկացող աշխատակցի` այդ քարտով կարող են գնել ցանկացած ապրանք` ըստ ցանկության: Քաղաքացիներից մեկն էլ մեզ հետ զրույցում պատմել էր, որ աշխատակիցներին տրամադրվող վաուչերները գործելու են դեկտեմբերի 25-ից.

«Սկսվում է 5000 դրամից, բոլոր ցանկացողները կարող են գնել և նվիրել իրենց հարազատներին, բայց պայմանն այնպիսին է, որ միայն «Սթարից» կարող են գնումներ կատարել: Իսկ խանութում աշխատողներին ասել են, որ դեկտեմբերի 25-ից այդ նվեր քարտերից կարող են վերցնել իրենց աշխատավարձի որոշ գումարի դիմաց»: Փորձեցի քաղաքացիների կողմից ստացված տեղեկությունները ճշտել նաև «Սթար» առևտրային ցանցից:

Կարդացեք նաև

Այսօր մենք ստացանք «Սթար» սուպերմարկետի պատասխանը: «Ի պատասխան 18.12. 2012թ. Ձեր կողմից տեղեկություն ստանալու գրավոր հարցման` նշում ենք, որ հաշվի առնելով մոտեցող ամանորյա տոները, ՍԹԱՐ առևտրային ցանցի կողմից դեկտեմբեր ամսվա աշխատավարձի կանխավճարը փոխանցվել է նախապես` ամանորյա գնումներ կատարելու նպատակով, միայն ստանալու ցանկություն հայտնած աշխատակիցներին: Կանխավճարը փոխանցվել է ՍԹԱՐ-կտրոնի տեսքով, որը չի գերազանցում աշխատավարձի 20%-ը և թույլ է տալիս նրանց ձեռք բերել ՍԹԱՐ առևտրային ցանցի խանութներում վաճառվող ցանկացած ապրանք: Մնացած վճարումները աշխատակիցներին ՍԹԱՐ-կտրոնի միջոցով պլանավորված չեն»,- ասված է սուպերմարկետի պաշտոնական պատասխան-նամակում:

Այսինքն` մի կողմից վճարում են, մյուս կողմից` պարտադրում աշխատակիցներին օգտվել միմիայն իրենց սուպերմարկետներից: Ինչպես ժողովուրդն է ասում, մի գրպանից հանում, դնում են մյուս գրպանը: Ի դեպ, երևանյան սուպերմարկետներից մեկն էլ իր աշխատակիցներին արգելել է ընդմիջման ժամերին օգտվել այլ խանութներից և անգամ տանից ուտելիք բերել: Ստիպում են օգտվել միայն իրենց խանութից:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս