«Հարսնաքարի» սեփականատերը պատմել է, որ դեպքն իրեն ներկայացրել են` որպես թեթև միջադեպ

Այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Նիստի ընթացքում ավարտվեց գործով վերջին տուժող Արկադի Աղաջանյանի հարցաքննությունը:

Նախաքննության ընթացքում, ըստ մեղադրյալ Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանի, տուժող Արկադի Աղաջանյանը հայտնել է, որ մատուցողին տեսել է ավտոկայանատեղիում, իսկ դատարանում հայտնել է, որ նրան ավտոկայանատեղիում չի տեսել: Պաշտպան Մկրտչյանը հետաքրքրվեց` ո՞րն է նշված հակասության պատճառը: Տուժողը պատասխանեց, որ իր ցուցմունքում՝ ասելով, թե Դավիթ Ադամյանին ավտոկայանատեղիում չի տեսել, նկատի է ունեցել, որ նրան չի տեսել որևէ մեկին հարվածելիս:

Պաշտպանության կողմն առարկեց տուժողի պատասխանների դեմ՝ նշելով, որ շատ անգամ տուժողները ոչ թե պատասխանում են հարցերին, այլ՝ ուղղակի արձագանքում են: Մեղադրյալ Դավիթ Ադամյանը ևս հարցեր ուղղեց տուժողին: Նրա՝ «Այդ պահին դուք տեսաք, որ ես Վահեի գնալուց հետո գնացել եմ, ի՞նչն ա պատճառը, որ ասում եք՝ ես ավտոկայանատեղիում եմ եղել» հարցը հանվեց: «Դուք իմ վրա ձեռք չե՞ք բարձրացրել, Դուք ինձ հայհոյանքներ չե՞ք հասցրել սրահի մեջ» հարցերին տուժողը պատասխանեց` ո՛չ:

Դատական նիստի ընթացքում հարցաքննվեց նաև գործով վկա, «Դավիթ ԴՎՍ» ՍՊԸ տնօրեն («Հարսնաքար» ռեստորանային համալիրը պատկանում է «Դավիթ ԴՎՍ» ՍՊԸ-ին) Հրաչյա Զոհրաբյանը:

Կարդացեք նաև

Նա պատմեց, որ 2012թ. հունիսի 17-ին ինքը եղել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում: Ըստ նրա` ժամը 22:00-ի սահմաններում իրեն մոտեցել է մատուցող Դավիթ Ադամյանը և պատմել է, որ ռեստորանային համալիրի երգիչ Դավթի միջնորդությամբ ռեստորան են եկել 5 տղա և 1 աղջիկ: Հրաչյա Զոհրաբյանի խոսքով՝ քանի որ նրանցից մեկը եղել է սպորտային համազգեստով, մատուցողը նրան զգուշացրել է, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում այդպիսի հագուստով մուտք գործել չի կարելի. «Այդ տղաները ասվածն այնքան էլ լավ չեն ընդունել և դրանից հետո՝ հաշիվը փակելով, միաժամանակ հայհոյելով՝ ասել են, որ սեղանին ձեռք չտաս, մինչև 12-ից 5 պակաս էլ լինի, գալու ենք, հայհոյել ու հեռացել են»:

Ըստ վկայի ցուցմունքի՝ դրանից հետո ինքը հրահանգել է ձեռք չտալ սեղանին, միաժամանակ մենեջերին զգուշացրել է, որ ուշադրություն դարձնի այդ սեղանին: Դավիթ Ադամյանը նրան հետո տեղեկացրել է, որ տղաները վերադարձել են, և այդ ընթացքում մենեջերը՝ տեսնելով, որ «լավ չեն վերաբերվում մատուցողին», փոխել է մատուցողին.

«Տղաները վերադառնալով` պահանջել են նորից նույն մատուցողին՝ Դավիթ Ադամյանին, որպեսզի նա նորից սպասարկի իրենց: Արդեն 22:30-ի կողմերը մատուցող Դավիթ Ադամյանն ինձ մոտեցավ շենքի ներսում և ասեց, որ տղաները վերադարձել են, նստել են, իրենց լավ չեն պահել, հայհոյանքներ են տվել, իրա հետ լավ չեն վարվել, քանի որ ինքը զգուշացրել է, ու նրանք գնացել, նորից հետ են եկել, իրենք լավ չեն ընդունել այդ պահը:

Դրանից հետո չգիտեմ՝ ինչ ա առաջացել իրանց մեջ, հրավիրել են դուրս, դրսում առաջացել է վիճաբանություն, քաշքշուկ, այդ ընթացքում ինչ-որ մեկը, Դավիթ Ադամյանի ասելով, արմունկով հարվածել է իրան, ինքն էլ հարվածել է տղաներից մեկին: Ես ասացի՝ դու ի՞նչ իրավունք ունես հաճախորդին մատով դիպչելու, որից հետո ես ուղարկեցի իրան դեպի մատուցողների սենյակ, ես իջա ներքև, մուտքի մոտ տեսա մարդկանց հավաքված և մեր աշխատակիցներին:

Հարցրեցի՝ ի՞նչ ա պատահել, ասեցին՝ հաճախորդներ կային, իրենց նորմալ չէին պահում, վիճաբանություն ա առաջացել, հայհոյանքներ են տվել, որից հետո վիճաբանվել են, և դրանից հետո նրանք հեռացել են: Իրենց էլ ասեցի` մի՛ հավաքվեք կենտրոնական մուտքի մոտ»:

Ըստ վկա Հրաչյա Զոհրաբյանի ցուցմունքի՝ դրանից հետո ինքը ներս է մտել ռեստորանային համալիր, իր հետ ներս է մտել նաև գործով մեղադրյալ Նորայր Հայրապետյանը: Վերջինս պատմել է, որ իրենք դրսում քաշքշոց են նկատել հաճախորդների և մատուցող Դավիթ Ադամյանի միջև: Մոտեցել են, նախատել մատուցողին, որ նա իրավունք չունի վիճաբանել հաճախորդի հետ:

«Այնուհետև ցանկացել են պարզել՝ ի՞նչն ա պատճառը, քանի որ տղաները հարբած են եղել չափազանց, և շատ ագրեսիվ ձևով ցանկացել են շարունակել վիճաբանությունը, տղաները զգուշացրել են, որ ցանկալի չի, քանի որ դրսում բազմաթիվ հաճախորդներ կան, նման ձևով բարձր խոսել և հայհոյել:

Դրանից հետո նրանք հեռացել են ամառային սրահի կողմից: Նորայրն ինձ պատմեց, որ այդ ընթացքում ինքն ինչ-որ մեկի հետ խոսել է և համոզել է, որ գնան, գիշերը անախորժություններ չլինի, և եթե խնդիրներ կան, կարող են հաջորդ օրը գալ և պարզել ամեն ինչ հանգիստ ձևով: Սակայն այդ պահին վիճաբանություն է առաջացել, ինքը շտապելով մտել է վիճաբանության մեջ, որպեսզի հանդարտեցնի, որ կռիվ չլինի: Իր հետ խոսող տղան այդ պահին հայհոյել է իրեն, իր ասելով, և ինքը պտտվելով` հարվածել է այդ տղային: Հանդարտացրել են վեճը, դրանից հետո հաճախորդները հեռացել են»:

Մեղադրող Արթուր Դավթյանի հարցին՝ ինչո՞ւ է վկան համոզված, որ տուժող կողմը հայհոյել է, Հրաչյա Զոհրաբյանը պատասխանեց, որ մենեջերը (Դավիթ Հայրյան) այլ դեպքում չէր փոխի մատուցողին: Նա նաև ասաց, որ մատուցողներն ու ընդհանրապես համալիրի աշխատակիցները պարտավոր են զիջել, ներողամիտ լինել: Ըստ վկայի՝ որքան ինքը ճանաչում է մատուցող Դավիթ Ադամյանին, նա ագրեսիվ վարքագիծ չունի, և ինքը չգիտի՝ ի՞նչ պետք է նրան ասեին, ինչպե՞ս պետք է նրա հետ վարվեին, որ նա այդպիսի վարքագիծ դրսևորեր:

Հրաչյա Զոհրաբյանը նաև ասաց, որ դեպքն իրեն ներկայացրել են` որպես թեթև միջադեպ, և ինքը չի պատկերացրել, որ այն նման հետևանքներ կարող է ունենալ: Վկան նաև նշեց, որ ռեստորանում ներքին պայմանավորվածություն կա, որ սպորտային համազգեստով համալիր մուտք գործել չի կարելի:

Դատական նիստի ընթացքում վկա Հրաչյա Զոհրաբյանին հարցեր ուղղեց նաև տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը: Վերջինիս հարցերը հիմնականում վերաբերում էին «Դավիթ ԴՎՍ» ՍՊԸ-ին: Երբ Տիգրան Եգորյանը վկայից հետաքրքրվեց, թե ո՞ւմ է պատկանում «Դավիթ ԴՎՍ» ՍՊԸ-ն, վկան պատասխանեց. «Հայրապետյան ընտանիքին»: Երբ Տիգրան Եգորյանը հարցրեց՝ նա տեղյա՞կ չէ, թե կոնկրետ ում է պատկանում ՍՊԸ-ն, պաշտպաններն առարկեցին՝ ասելով, թե դա չի վերաբերում դեպքի հանգամանքներին:

Գործով մեղադրյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ Տիգրան Եգորյանն իր լրացուցիչ հարցերով նպատակ ունի` գործում ներգրավել այլ անձանց, այնինչ այդ նպատակով արդեն այս գործից մաս է անջատվել: Կոնկրետ դեպքի հանգամանքներին չվերաբերող հարցերը՝ ուղղված վկա Զոհրաբյանին, պաշտպանական կողմը որակեց` որպես ժամանակի կորուստ:
Նշենք, որ դատարանը դիմելու է Հանրային պաշտպանի գրասենյակ, որպեսզի ամբաստանյալ Դավիթ Ադամյանին պաշտպանելու համար գործում ներգրավվի ևս մեկ պաշտպան ներկայիս պաշտպան Սերգեյ Մկրտչյանի հետ. վերջինս դեկտեմբերի 25-ից մինչև 2013-ի հունվարի 30-ն արձակուրդում է լինելու:

Տեսանյութեր

Լրահոս