
Գոհ, բայց հոռետես հայ գործարարները

ՀՀ տնտեսական ակտիվության ինդեքսը այս տարվա 4-րդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ աճել է, իսկ գործարար ակտիվության ինդեքսը նվազել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկը։
Նշենք, որ ԿԲ-ի կողմից կառուցվող տնտեսական ակտիվության ինդեքսը գնահատում է տնտեսության տարբեր ոլորտների ընթացիկ իրավիճակը (թողարկման ծավալներ, ծավալների փոփոխություն և այլն)։ Իսկ գործարար միջավայրի ինդեքսը արտացոլում է հիմնականում գործարարների ռիսկերն ու սպասումները։ Երկու ինդեքսներն էլ կառուցվում են գործարարների շրջանում անցկացված հարցումների հիման վրա։
Ըստ ԿԲ-ի, այս տարվա չորրորդ եռամսյակում տնտեսական ակտիվության ինդեքսն աճել է 107.1%-ով` նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ։ Այսինքն՝ գործարարներն իրենց վիճակից ավելի գոհ են, քան նախորդ տարի այս ժամանակ։ Որքան էլ զարմանալի լինի, աճի ամենամեծ ցուցանիշը (13.3%) արձանագրել է շինարարության ոլորտը, որի ծավալները նախորդ տարվա համեմատ անկում են ապրել։
Մինչդեռ գործարար միջավայրի ինդեքսը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ նվազել է 1.7%-ով։ Ինչպես նշվում է ԿԲ հաղորդագրության մեջ, նվազել են ԳՄԻ թե՛ փաստացի, թե՛ սպասման ենթաինդեքսները (2.4% և 1.2%):