Ինչպես է Ոստիկանությունը պատրաստվում «խաղաղ ճանապարհով» կանխել ցուցարարների առաջխաղացումը. նախընտրական փորձ՝ Կոտայքում (լուսանկարներ)
Զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների փոխհամագործակցությունը և գործողությունների ներդաշնակումն ապահովելու, զինծառայողների և ոստիկանության ծառայողների ունակություններն ու հմտությունները կատարելագործելու նպատակով ՀՀ ոստիկանության պետ գեներալ լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով դեկտեմբերի 17-19-ը «Արզնի» օդանավակայանի տարածքում` «Ոստիկանության համահավաք ջոկատի գործողությունները զանգվածային անկարգությունների կանխման և խափանման ընթացքում» թեմայով կազմակերպվել և անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն` ոստիկանության ստորաբաժանումների և ոստիկանության զորքերի ծառայողների մասնակցությամբ:
Զորավարժության կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծվել էր օպերատիվ շտաբ` ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի ղեկավարությամբ:
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, տեղի ունեցավ զորավարժության գլխավոր փուլը, որին նախորդեց հատուկ տեխնիկայի ցուցադրությունը: Բուն զորավարժության ընթացքում ստորաբաժանումները, նախնական պլանի համաձայն, լիարժեք իրականացրին առաջադրված խնդիրները:
Հրամանատարաշտաբային զորավարժությունն անցավ կազմակերպչական պատշաճ մակարդակով:
Վարժանքների ընթացքում առավել աչքի ընկած ծառայողները ՀՀ ոստիկանության պետի և ոստիկանության զորքերի հրամանատարի կողմից արժանացան պարգևների:
Զորավարժության ավարտին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ:
shamshyan.com